Այս իշխանությունների վարքը ու գործելաոճը խոսում է բռնապետական կարգերի հստակ և վառ արտահայտման մասին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի տան դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտյան Սամվել և Նարեկ Կարապետյանների տների, ինչպես նաև նրանց հետ առնչվող 60–ի ց ավելի անձանց հասցեներում համաժամանակյա խուզարկությունների մասին։

«Շատ հաճախ ես համեմատություն եմ անում Ադրբեջանի և այսօրվա իշխանությունների քաղաքական գործելաոճի մեջ մի պարզ պատճառով, որովհետև իրենք չեն ուզում, որ իրենց երկրում լինի ուժեղ ընդդիմություն, ուժեղ պետության ձգտում ունեցող ընդդիմություն և ամեն բան անում են, որպեսզի մեր շարքերը իրենց պատկերացումներով թուլացնեն։ Ասեմ, որ չի ստացվելու, մենք՝ յուրաքանչյուրս գիտակցում ենք՝ ինչ պայքարի մեջ ենք մտել, ինչպիսի հետևանքներ կարող է դա ունենալ։ Սա մանր քաղաքական ժուլիկություն է, ես սա այլ կերպ, քան ժուլիկություն անվանել չեմ կարող»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ այս պահին Փաշինյանը Բրյուսելում է, արդյոք այս խուզարկությունները կարելի է համարել հակառուսականության ցուցադրական դրսևորում, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ինչպես իրենց քաղաքական օրակարգերից կարող են կռահել, այն մոտեցումները, որը կա այսօր և՛ Եվրոպայի շուրջ, և՛ Ռուսաստանի նկատմամբ, և՛ դեմ, ինչու ոչ, խոսում են հստակ քաղաքական նպատակների մասին։ Այսօրվա իշխանությունների հիմնական թիրախը շոու կազմակերպելով տպավորություն ստեղծելն է, այնինչ մեր երկրում կան օրհասական հարցեր, որոնք առաջին հերթին լուծելու և կարգավորելու կարիք ունեն՝ սկսած սոցիատնտեսական հարցերից և ավարտած անվտանգային հարցերով։

Բնականաբար այս մոտեցումները ինքնին որևէ ձևով չեն տեղավորվում տրամաբանության մեջ, քաղաքական գործելաոճի մեջ և իրենց խոսույթով և գործելաոճով որևէ օգուտ չեն տալիս։ Ինչու ոչ, նաև կարող ենք դիտարկել իրենց տերերին ծառայություն մատուցելու հանգամանքը, որովհետև և՛ ԹՐԻՓՓ–ի մասով մեր դիրքորոշումը, և՛ ադրբեջանական սահմանադրության մասով դիրքորոշումը խիստ անհանգստացրել է այսօրվա իշխանություններին, որովհետև ըստ երևույթին, իրենք տեսնում են, որ խորհրդարանում սահմանադրության մասով ունեն հստակ ընդդիմություն»։

Նա ընդգծեց, որ իշխանությունները փորձում են իրենց կողմից կեղծ մատուցված խաղաղության օրակարգով մեր հասարակությանը հերթական անգամ տանեն զիջումների և ինչու ոչ, շատ ավելի աղետալի հետևանքների։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանի խոսքով, խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։

Մամուլի տեղեկություններով, խոսքը ՀԷՑ-ի հետ կապված տնտեսական բնույթի հանցագործության մասին է։

Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։