Միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել, բոլոր ջանքերը փորձում ենք գործադրել, որպեսզի իրավիճակը հասկանանք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով բանակում մահվան դեպքերին։

«Որևէ մեկը չի ժխտում դրանք, բայց կարևորն այն է, որ պետությունը բոլոր մակարդակներում փորձում է շահագրգիռ կառույցների ներգրավմամբ ամեն ինչ անել, որպեսզի մենք նվազագույնի հասցնենք և առհասարակ վերացնենք դա»,–ասաց նա։

Լրագրողները նույն խնդրով դիմեցին նաև ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին, ով ևս հստակ պատասխան տվեց՝ նշելով. «Բանակում մահերը միայն հասարակությանը չի հուզում, ավելի շատ մեզ է հուզում։ Կոնկրետ շատ երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի ասենք, թե ինչ է արվում։ Ես հիմա այդ ժամանակը չունեմ։

Մենք վերջերս անցկացրել ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավաք, գայիք այնտեղ, ես պատրաստ էի բոլոր հարցերին պատասխանելու։

Չեք կարող բոլոր դեպքերը մեկ հարթության վրա դնել, պատճառները տարբեր են։ Կան միջանձնային փոխհարաբերությունների արդյունքում, կան ֆինանսական հարցերի արդյունքում, կան առողջական խնդիրների արդյունքում, կան ծառայությունից դուրս առողջական հանգամանքներում, ճանապարհատրանսպորտային պատահարներով։

Ինքնասպանությունների համար կոնկրետ մասնագիտական հանձնաժողով է աշխատում։ Մենք էլ պետք է հասկանանք, թե ինչպես է դա բերում դրան, որովհետեւ կան հանգամանքներ, որ չպետք է բերեն դրան։ Դա պետք է հասկանանք»։

Իսկ ահա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդհանրապես հրաժարվեց պատասխանել հարցերին։