Երեկ Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարից հետո «Արմենիա» ԲԿ–ում գտնվում է երեք անձ, որոնք բոլորը գտնվում են ռեանիմացիոն բաժանմունքում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, վիրաբույժ Աշոտ Կուրղինյանը։

«Բոլորը հիվանդանոց տեղափոխվել են երեկ երեկոյան 22:00-ից 23:00-ի միջակայքում, բոլորի վիճակը գնահատվել է ծանր, դրա համար են նաև վերակենդանացման բաժանմունքում։ Տարբեր տրավմաներ են, մեկի մոտ ձախ ազդոսկրի կոտրվածք թ, որ արդեն վիրահատվել է երեկ ու համեմատաբար իր վիճակը ավելի բարվոք է։ Նա, հնարավոր է՝ տեղափոխվի ընդհանուր տրավմատոլոգիայի բաժանմունք, այսօր վերակենդանացման բաժանմունքից դուրս կգրվի։

Մնացած երկուսը դեռ կշարունակեն մնալ ռեանիմացիոն բաժանմունքում, մեկի մոտ ներքին արյունահոսության հետ կապված կատարվել է վիրահատություն, փայծախն է հեռացվել և լյարդի վնասվածքներն են վերականգնվել։

Երրորդը, որը նաև բեռնատարի վարորդն էր, ու համեմատաբար իր վիճակն է ավելի ծանր, իր մոտ գանգի և դիմային ոսկրերի կոտրվածք կա, կրծկավանդակի վնասվածք, կողերի կոտրվածք, պնեվմոթորաքս և վիճակի ծանրություն նաև կապված է հենց թոքերի հետ։ Իրենք դեռ կմնան ռեանիմացիոն բաժանմունքում»,–ասաց նա՝ հավելելով, որ երեքն էլ 30-40 տարեկան տղամարդիկ են։

«Հնարավոր է այդ ազդոսկրի կոտրվածք ունեցողին ևս մեկ վիրահատություն հետագայում կատարվի։ Հիմա ընդամենը ձգում է դրվել, ֆիքսվել է վերջույթը։ Կախված վիճակից, իրենք էլ դեռ կշարունակեն մնալ ռեանիմացիոն բաժանմունքում։ Հետագայում կախված վիճակից, կորոշվի բուժման պլանը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են։

Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսին գիշերը վիրահատել են, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է:

Զոհվածների անունները դեռեւս չի հաղորդվում։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով հանել են դիերը վթարված ավտոմեքենաներից, ինչպես նաև ավտոմեքենաները հեռացրել են ավտոճանապարհից։

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրում պարզել էր, որ մահացածներից երեքը ամուսիններ էին և նրանց 18–ամյա որդին։

Վթարի մասնակից 4 մեքենաներից մեկը՝ բեռնատարը ռուսական համարանիշներով է եղել։