Մեր գյուղացի են իրենք, ծնողները գյուղում են ապրում, ինքը զինվորական էր, 14-15 տարի ՊՆ–ում էր աշխատում, Աշտարակ էր բնակվում։ Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում նշեց Հնաբերդ գյուղի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով նախօրեին Ուշիի ոլորաններում 9 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարից մահացած 50–ամյա Վահրամ Ասատրյանին։
«Շատ իդեալական, ընտիր ընտանիք էին, աշխատող, արարող, ստեղծող։ Շատ խելացի ընտանիք էին, մենք շոկի մեջ ենք։ մենք առավոտյան ենք իմացել։ Ընտանիքով են եղել՝ ինքը, կինը և երեխան։ Այդ օրը եկել էին այստեղ, ինչ-որ առիթ կար ծնողների տունը, եկել էին այդ առիթին մասնակցելու։ Հետ գնալուց այդ ողբերգությունը տեղի է ունեցել։
Մենք ճանաչում էինք իրենց, դե համագյուղացի ենք, ծնողների հետ բավականին մոտիկ հարաբերություն ունենք։ Ամբողջ գյուղը շոկի մեջ է, շատ կիրթ, հասկացող ընտանիք էր»։
Մեկ այլ գյուղցի էլ նշեց, որ Վահրամ Ասատրյանի ընտանիքի հետ ունեն բարեկամական, խնամիական կապ. «Քույրս իրենց հարսն է, շփումներ միշտ եղել են, Վահրամի մասին կարող եմ ասել՝ հայրենասեր, հասարակության մեջ հարգված, սիրված, գյուղում ամեն առիթի ներկա գտնվող, գյուղի հարցերով, գյուղի դարդ ու ցավով զբաղվող մարդ։ Իր ամբողջ կյանքը բանակում զինվորական ծառայության մեջ է անցկացրել։ Այս դժբախտ դեպքը ուղղակի ցնցեց մեզ բոլորիս, գյուղի, ամբողջ հասարակությանը։
Ես ուղղակի տեղս չեմ գտնում մինչև հիմա։ Անսպասելի դժբախտություն է, չէի ցանկանա ոչ մեկի ընտանիքին։
Ծնողները մինչև հիմա երևի հլը չգիտեն։ Առավոտվա ժամը 9–ի դրությամբ տեղյակ չէին։ Հայրը 80-ն անց է, այդպիսի լուրն էլ մի քիչ դժվար է հայտնելը»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են։
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսին գիշերը վիրահատել են, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է:
Զոհվածների անունները դեռեւս չի հաղորդվում։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով հանել են դիերը վթարված ավտոմեքենաներից, ինչպես նաև ավտոմեքենաները հեռացրել են ավտոճանապարհից։
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրում պարզել էր, որ մահացածներից երեքը ամուսիններ էին և նրանց 18–ամյա որդին։
Վթարի մասնակից 4 մեքենաներից մեկը՝ բեռնատարը ռուսական համարանիշներով է եղել։











