Այս իշխանության ձեռագիրը այնքան պարզ, այնքան պրիմիտիվ է, ասում են, հաջորդ օրը կոնկրետ իրավապահները գործողություն են սկսում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտյան Սամվել և Նարեկ Կարապետյանների տների, ինչպես նաև նրանց հետ առնչվող 60–ի ց ավելի անձանց հասցեներում համաժամանակյա խուզարկությունների մասին։

«Տեսեք, երբ Լևոն Քոչարյանի հետ ինչ-որ ընդհարում եղավ, հաջորդ օրն ասեց՝ կգան կբռնեն, եկան բռնեցին Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին։ Մենք ասեցինք, որ սա իրավական ոչ մի պրոցեսի հետ կապ չունի, Քոչարյանին բռնում են իր պարտականությունները կատարելու համար։

Հաջորդը, չգիտես ինչի կպչուն միտք ձևավորվեց, որ «Ուժեղ Հայաստանը» ինչ-որ իրենց ասածը ընդունել է կամ քննարկում է։ Իրենք սուտը ասում են, իրենց ստի հաճախորդը դառնում են հենց իրենք, հավատում են իրենց ստին ու սկսում են հերքել, այդ տրամաբանության շրջանակում։ Փաշինյանն ասաց՝ այնպիսի առաջարկություն կանեմ, որ դուք չեք հրաժարվի, ու հետևեց այն, իրենք եկան այսօր խուզարկությունների։

Ասում են՝ 64 միլիարդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ–ին, իսկ ՀԷՑ–ի սեփականատերը Սամվել Կարապետյան է, այսինքն նա պիտի լիներ տուժո՞ղը, թե՞ պիտի լիներ մեղադրյալը։

Հաջորդը, ՀԷՑ–ը պարբերաբար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել է հաշվետվություն։ Բա դուք ինչո՞վ եք զբաղված եղել, հետևաբար սա իրավական պրոցեսի հետ զրո կապ ունի, սա կոնկրետ հստակ քաղաքական հետապնդում է»,– հայտարարեց նա։

Հարցին՝ ի՞նչ նպատակ ունի Սամվել Կարապետյանի և ևս 35 անձի ձերբակալումը, Մանուկյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, իրենք մարդկանց ձերբակալում են, սկսում են ահաբեկել, վախեցնել, որ ինչ-որ կեղծ ցուցմունք կորզեն, ու սա այս իշխանության ձեռագիրն է։ Նույն էլ, եթե նայում ենք, օրինակ Սեդրակ Քոչարյանի գործով է, ուրիշներին բռնում, տանում են հորը, կնոջը, երկու աղջիկներին, որ ցուցմունք կորզեն։ Այս դեպքում էլ, ամենայն հավանականությամբ այս մարդկանց բերել են, փորձելու են ահաբեկել, առավել քան վստահ եմ սուտ, կեղծ ցուցմունք կորզեն, որպեսզի կարողանան ինչ-որ մի բան փաթաթել Սամվել Կարապետյանի վրա։ Այս մարդիկ մարդկանց ձերբակալելով, կալանավորելով փորձում են իրենց ալիևյան սահմանադրությունը անցկացնել, սա սա փաստ է»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։

Ավելի ուշ ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են։