Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ճնշումների և ուժային կառույցների աջակցության միջոցով հասնել նոր Սահմանադրության ընդունմանը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանական «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Նրա կարծիքով՝ վարչապետը գործում է բանակցելու նպատակով պատանդներ վերցնող ահաբեկչի տրամաբանությամբ, իսկ Սամվել Կարապետյանի և այլ քաղաքական գործիչների կալանավորումները նպատակ ունեն ստիպելու ընդդիմությանը համաձայնել Հիմնական օրենքի փոփոխությանը։
Այդ մասին Գրիգորյանն ասել է լրագրողներին՝ մեկնաբանելով այսպես կոչված «ալիևյան սահմանադրության» դեմ միավորվելու՝ ընդդիմադիր ուժերի նախաձեռնությունը։
Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ իշխանություններն առաջ են մղում սահմանադրական բարեփոխում, որի բովանդակությունը մինչ օրս չի ներկայացվել հանրությանը։
Ինչպես նշել է Գրիգորյանը, միակ հայտնի պահանջը Սահմանադրությունից Հայաստանի անկախության հռչակագրի հղումը հանելն է։ Նա կարծում է, որ նոր Սահմանադրությունն ըստ էության պարտադրվում է Ադրբեջանի կողմից։
Աննա Գրիգորյանը քաղաքական, հասարակական գործիչներին և հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող անձանց կոչ է արել համախմբվել այս նպատակի շուրջ։
Նա նշել է, որ Փաշինյանը կփորձի իրավիճակը ներկայացնել որպես ընտրություն խաղաղության և պատերազմի միջև՝ ընդդիմությանը ներկայացնելով որպես հակամարտության կողմնակից։
«Նիկոլ Փաշինյանն այն ուժն է, որն ամենաշատ պատերազմը, պարտություններն ու նվաստացումներն է բերել։ Բայց խաղաղություն չի բերել։ Մեր խնդիրն է սա ցույց տալ հանրությանը, վերջ դնել մշտական միակողմանի զիջումներին և թույլ չտալ, որ Հայաստանում Ալիևի պահանջով Սահմանադրություն ընդունվի»,- հայտարարել է պատգամավորը։
Գրիգորյանը Սամվել Կարապետյանի կալանավորումը նույնպես կապել է քաղաքական ուժերի վրա ճնշում գործադրելու փորձի հետ։ Նա հիշատակել է կալանքի տակ գտնվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, որին անվանել է փաստացի քաղաքական պատանդ։
«Ես այսօր մտածեցի, որ նա աշխում է սովորական ահաբեկչի տրամաբանությամբ. պատանդներ է վերցնում ու ասում՝ եկեք բանակցենք, այս արեք, այն արեք։ Ահաբեկիչների հետ սովորաբար բանակցությունների չեն գնում»,- ասել է Գրիգորյանը։
Նրա գնահատմամբ՝ հանրային ճնշման մասին Փաշինյանի հայտարարությունները վկայում են, որ վարչապետը մտադիր է հենվել առաջին հերթին ուժային կառույցների վրա։ Միաժամանակ պատգամավորը նախազգուշացրել է, որ ճնշման ուժեղացումը կարող է առաջացնել հասարակության և ընդդիմության պատասխան արձագանքը։
Գրիգորյանը նաև մեկնաբանել է վարչապետի հայտարարությունն, ըստ որի ընդդիմությանն այնպիսի առաջարկ կանի, որից վերջինս չի կարողանա հրաժարվել։ Նրա կարծիքով՝ Փաշինյանը հույս ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել, որ Սահմանադրության փոփոխությունը դառնա խաղաղության համաձայնագրի ստորագրման վերջին պայմանը։
«Խնդիրը ոչ միայն Փաշինյանի առաջարկը մերժելն է, այլև Ալիևի առաջարկը մերժելը։ Սա անընդունելի է. հայ ժողովուրդը չպետք է ապրի մի Սահմանադրությամբ, որը գրվում կամ հաստատվում է Ադրբեջանում»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։
Միաժամանակ Գրիգորյանը հայտարարել է, որ ընդդիմությունը մտադիր չէ բախումներ հրահրել և կանի հնարավոր ամեն ինչ՝ քաղաքացիական առճակատում թույլ չտալու համար։











