Այս ամենի մեջ բացառապես քաղաքական ենթատեքստ կա, ու ես շատ ցավով արձանագրում եմ, որ մեր իրավապահ մարմինները թույլ են տալիս իրենց այս քաղաքական հրահանգավորման պրոցեսներում ներգրավել և խեղաթյուրել մեր իրավական պետության ձևն ու բովանդակությունը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, դատարանի դիմաց, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ դատարանի կողմից մեկ ամսով կալանքի որոշում կայացնելու։
«Սամվել Կարապետյանը շուրջ 500 օրից ավել ապօրինաբար ազատազրկված է եղել, որից կեսից ավելին եղել է կալանքի ծանր պայմաններում, նա գեթ մեկ օր մեկ քայլ նահանջ չի կատարել և իր կուռ կամքով օրինակ է հանդիսացել բոլոր իր թիմակիցների, իր աջակիցների և հայ ժողովրդի համար, որ ինքը բոլոր բնագավառներում իր սկզբունքներին հավատարիմ և մեր ազգի ապագային հավատացող, մեծանուն մարդ է։
Հետևապես այս կալանքով իրենք որևէ նպատակի չեն հասնելու, որը իրենց առջև դրել են։ Իսկ նպատակն ակնհայտ է՝ չակերտավոր համոզելու գործընթացն է սկսվել։ Մեր երկիրը թևակոխել է Ալիևի հագով կարվող սահմանադրության ձևման գործընթացին՝ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ։ Մենք բոլորս պետք է մեկտեղվենք, հասկանալով, որ վաղուց այլևս սա քաղաքականություն չէ, սա ազգային ինքնության պահպանության հարց է։
Երբ մենք որոշեցիքն վերցնել մանդատները, նպատակը հետևյալն էր, որ այսօր այդ մանդատներով խոչընդոտենք, որպեսզի Փաշինյանը չունենա ԱԺ–ում 2/3 և չկարողանա ընդունել ալիևյան սահմանադրությունը»,–ասաց Մելոյանը։
Նշենք, որ այսօր առավոտյան դատարանը հրապարակեց որոշումը, որով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց։ Գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին, դատական նիստը շարունակվել է ամբողջ գիշեր։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։
Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։
Ավելի ուշ ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են։











