Հայաստանում տիրող իրավիճակը ցույց է տալիս, որ հայրենիքի նկատմամբ սերն ու իշխանությունների քաղաքականության հետ անհամաձայնությունն ուղիղ ճանապարհ են բացում դեպի բանտ։ Կատարվողը զուտ քաղաքական հետապնդում չէ, այլ բռնապետության ձևավորում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչ Արման Աբովյանը։ Լրագրողների հետ զրույցը տեղի է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը երեք ամսով երկարաձգելու դատական նիստից հետո։
Աբովյանն ընդգծել է, որ գործում ամեն ինչ գլխիվայր շրջված է. մեղադրյալի աթոռին պետք է հայտնվեն նրանք, ովքեր անհիմն ցուցմունքներ են տվել Գագիկ Ծառուկյանի դեմ, մինչդեռ այս ամենում հենց Ծառուկյանն է տուժողը։ «Վստահ եմ, որ այս գործը կմտնի դասագրքեր՝ որպես անմեղ մարդուն, տուժողին մեղավոր ներկայացնելու օրինակ։ Որոշումն ապօրինի է»,— հայտարարել է Աբովյանը՝ հռետորական հարց հնչեցնելով, թե ինչի՞ համար են դատում Ծառուկյանին՝ տարիների բարերարությա՞ն, Արցախին աջակցելո՞ւ, թե՞ սպորտի զարգացման համար։
«Տեսեք սոցիալական ցանցերում՝ ինչպես են ցնծում ադրբեջանցիները։ Ո՞ւմ շահերն են սպասարկում իշխանությունները»,— նկատել է Աբովյանը։
Պատասխանելով միասնական ճակատից ունեցած ակնկալիքների մասին հարցին՝ նա արձանագրել է, որ երեկվա հայտարարության տեքստում արտացոլված է հայ ժողովրդի դիրքորոշումը, որը մշտապես բարձրաձայնել է ընդդիմադիր դաշտը. Հայաստանը չպետք է ապրի Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից պարտադրված սահմանադրությամբ, որի նպատակը Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելն է։ Աբովյանն իշխանություններին խորհուրդ է տվել բոլոր հարցերն ուղղել Բաքվին՝ Հաջիևին, Ալիևին, որն առավոտից իրիկուն խոսում է «արևմտյան Ադրբեջանի» մասին։
Ինչպես ընդգծել է Աբովյանը, իշխանությունները խոսում են խաղաղությունից, բայց իրականում բերում են պատերազմ, արյուն ու կորուստներ։ Արտահերթ ընտրությունների հավանականության և հիմնական ընդդիմադիր ուժերի գործունեությունն արգելելու մասին հարցին քաղաքական գործիչը պատասխանել է, որ ամեն ինչ էլ սպասելի է։ Նրա խոսքով՝ պետք է գիտակցել, որ Հայաստանում պետության դե յուրե և դե ֆակտո կործանման իրավական նախադրյալ է ձևավորվում։ «Այդ գործողություններն արդեն իսկ իշխանությունների կողմից հռչակվել են որպես հիմնական հանձնառություն։ Ոչինչ չեմ բացառում, և թող ոչ ոք ոչինչ չբացառի»,— նշել է Աբովյանը։
ԲՀԿ-ն իր հերթին կշարունակի պայքարը հանուն Ծառուկյանի ազատության և Հայաստանի շահերի պաշտպանության։











