Կաթնամթերքը, այո, օգտագործում եմ և ձեր նշած կաթնամթերքներից էլ եմ օգտագործել վերջին երկու օրերին, Դե ի՞նչ անեմ, ո՞նց մեր ժողովուրդը, այնպես էլ ես, մտահոգվելու, ի՞նչ կա։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջերս «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ն ուսումնասիրություն էր իրականացրել և պարզել, որ գրեթե բոլոր կաթնամթերքներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկ ու խմորասնկեր։
Լրագրողը նաև հարց էր ուղղել. «Մի առիթով դուք ասացիք, որ Հայաստանում արհեստական ջրամբարներում աճեցված ձուկ չեք ուտում, հիմա ուզում եմ իմանալ, կաթնամթերք ուտու՞մ եք դուք և ձեր ընտանիքի անդամները»։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մի կողմից համաձայն եմ ձեզ հետ, որ ձեր նշած դեպքով պետք է մեր պետական մարմինները պարզաբանում տան, թե ինչ է տեղի ունեցել։ Ես հիմա մեր համապատասխան սննդի անվտանգության տեսչական մարմնին հանձնարարում եմ, որ պարզաբանի այդ դեպքը կարճ տեղեկանքով։
Բայց մյուս կողմից քաղաքացիական հասարակության զարգացումը կամ դերը հենց դրանում է։ Ընդ որում, քաղհասարակության ինստիտուտները առավել ակտիվ են ամենազարգացած երկրներում, բայց եթե պետական մարմինները ամենազարգացած երկրներում իրենց դերը 100%-ով կատարում են, բա էլ քաղաքացիական հասարակությունը ինչի՞ համար է պետք։ Քաղաքացիական հասարակությունը պետք է նաև լրացուցիչ վերահսկողություն ապահովելու համար։
Իմիջիայլոց, նախկինում էլ են այդպիսի դեպքեր եղել, բայց պետք է դրա վտանգավորության աստիճանը գնահատենք։ Ես հիմա դժվար եմ պատկերացնում, որ այդ ձեր նշած դեպքը նշանակի, որ այդ ապրանքատեսակները մարդու առողջության համար էական կամ առարկայական վտանգ են ներկայացնում, և այդ ապրանքատեսակները շարունակեն վաճառվել Հայաստանի Հանրապետության վաճառասեղաններում։
Օրինակ, նախկինում թթվասերի հետ կապված մենք շատ խնդիրներ ենք արձանագրել, բայց նաև բազմաթիվ քննարկումների արդյունքում ես հասկացել եմ, որ այն, որ մեր պատկերացրած ստանդարտի չի սննդամթերքը, դա դեռ չի նշանակում, որ մարդու առողջության համար վտանգավոր է»։











