Մայիսի 28-ին, 40 մարդ իրենց ստորագրությամբ միացել են «Հայրիկյան նախագահ» նախաձեռնությանը: Այս մասին, այսօր` մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքով, ինքը որոշել է եւ պարտավոր է մասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ ունի Հայաստանը ամենաժողովրդավար երկիր դարձնելու ծրագիր:

Լրագրողների հիշեցմանը, որ ինքն ասուլիսի սկզբում նշել էր, որ առաջիկա հինգ տարում քաղաքական ապագան կանխորոշված է եւ Սերժ Սարգսյանն է դրության տերը, Հայրիկյանն արձագանքեց, որ գործելու է «ընթացքի օրենքի» համաձայն:

Հայրիկյանի խոսքով, ինքն առաջադրվում է, քանի որ երկրում իր չափ ներդրում ունեցող մարդ չկա: «Չեմ ուզում անհամեստ թվալ, բայց ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր բարոյահոգեբանական դաշտում փորձելու են ինձ հետ մրցել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի` կոալիցիա չկազմելու որոշմանը, Հայրիկյանն ասաց, որ դրանով դրությունը չի փոխվի: Նրա խոսքով, դրությունը կփոխվի այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանի կուսակցությունը մեծամասնություն չկազմի:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի