Հայաստանում ինքնավար արևային կայանների համար աստիճանաբար կվերացվի էլեկտրաէներգիայի արտադրության արտոնյալ ռեժիմը։ Դրա մասին նոյեմբերի 6-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նա հիշեցրել է, որ այժմ տների, փոքր ձեռնարկությունների և այլ շինությունների տանիքներին տեղադրված ինքնավար կայանների սեփականատերերն էլեկտրացանցն օգտագործում են իբրև անվճար կուտակիչ։ Ամռանը, երբ վահանակներն ավելի շատ էներգիա են արտադրում, նրանք ավելցուկն ուղղում են ցանց, իսկ ձմռանը, ամառային ավելցուկի հաշվին, սեփականատերերի էլեկտրաէներգիայի վճարները նվազեցվում են։

Ինչպես նշել է Մեսրոպյանը, քաղաքացիների համար դա շահավետ է, սակայն էլեկտրացանցի համար լրացուցիչ բեռ է ստեղծում։

«Մի քանի տարի առաջ որոշվեց գնալ այդ քայլին՝ արևային էներգետիկայի զարգացման նպատակով, սակայն դրա ծավալներն արդեն բավականաչափ աճել են։ Ուստի եկել է նաև ցանցի մասին մտածելու ժամանակը», - ասել է պաշտոնյան։

Այսպես, եթե այժմ ինքնավար էլեկտրակայանների հաշվեկշիռն ամփոփվում է տարին մեկ անգամ, ապա ապագայում դա կարվի ամիսը մեկ կամ նույնիսկ օրական, որպեսզի էլեկտրակայանները չարտադրեն ավելցուկ, որը ցանցն ի վիճակի չէ պահել։

«Այդ փոփոխությունները մենք միանգամից չենք ներդնի։ Նրանց, ում ինքնավար կայանը տեղադրված է 8 տարուց պակաս ժամանակ, այսինքն՝ դեռ չի հասցրել ինքնածախսածածկվել, կառաջարկենք պահպանել գործող ռեժիմը։ Բայց նրանց նկատմամբ, ում դեպքում այդ ժամկետն անցել է, կամ ովքեր դեռ միայն պատրաստվում են կայան տեղադրել, մոտեցումն այլ կլինի»,- պարզաբանել է ՀԾԿՀ նախագահը։

Նա հիշեցրել է, որ առևտրային էլեկտրակայանների մի մասն արդեն սահմանափակում է իր արտադրությունը, քանի որ էլեկտրացանցը երաշխավորում է նրանց արտադրած էլեկտրաէներգիայի 100 տոկոսանոց գնումը։

«Սակայն դա չի խանգարում այդ կայանների բնականոն գործունեությանը»,- հավելել է Մեսրոպյանը։

Ըստ պաշտոնյայի՝ առաջիկա ամիսներին հանձնաժողովը կմշակի կուտակիչ կայանների գործունեության իրավական դաշտը։ Այդ կայանները կկարողանան կուտակել ցերեկային ժամերին արտադրված էներգիայի, այդ թվում՝ արևայինի ավելցուկը և այն ցանցին վաճառել երեկոյան կամ գիշերը։ Իրենց ծառայությունների դիմաց նրանք կայաններից վճար կգանձեն սակագներով, որոնք նույնպես կկարգավորվեն։