Քաղաքական գործիչների կամ քաղաքական իշխանության ղեկավարի հայտարարություններն իմ կողմից ընկալվում են զուտ որպես քաղաքական հայտարարություն, ավելին չեմ կարող ասել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը՝ անդրադառնալով նրան վարչապետ Նիկոլ Փաշինյանը «վնգստացող դատավորներ» արտահայտությունից հետո հիմա էլ ասում է, որ կա դատական մաֆիա։
«Ես նախ վարքագծի կանոններով կաշկանդված լինելով չեմ էլ կարող կիսել այդ տեսակետը, եթե նույնիսկ համաձայն լինեմ, որովհետև դատավորը պարտավոր է իր վարքագծով չհեղինակազրկել դատական իշխանությունը։ Հետևաբար նաև ես չեմ կարող այդ հայտարարությանը պատասխանել»,–ասաց նա։
Հարցին՝ ինքը կիսո՞ւմ է Փաշինյանի տեսակետները, որ «դատաիրավական համակարգը պետք է հանրությանը պատասխաններ տա, հանրությունը պետք է ստանա հստակ պատասխան, ինչու եմ ֆինանսավորում ընդհանրապես դատաիրավական համակարգում, եթե հանցագործները շարունակում են փողոցներում ոչ միայն պտտվել, այլ իրենց հանցագործությունները շարունակել, ես այս հարցերի պատասխանները ստանալու եմ», Չիչոյանն ասաց. «Ես չեմ կիսում, որ մենք մեղավոր ենք, կիսում եմ, որ վարչապետը որպես վարչապետ ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ցանկություն ունի ստանալ իր հարցերի պատասխանները, որոնք իր համար հարցական են։ Այսինքն ըստ իրեն, հնարավոր է՝ դատական իշխանության որոշակի գործելակերպի պատճառով են նաև այդ հարցերն առաջացնել։ Բնականաբար, ես այստեղ տարօրինակ բան չտեսա, որ ինչ-որ ձև կիսեի կամ չկիսեի։ Սովորական հայտարարություն է»։
Հարցին՝ մաֆիա կա՞ դատական համակարգում, և արդյոք ինքը առնչվել է այդ մաֆիայի հետ, դատավորը բացասական պատասխան տվեց։
Ինչ վերաբերում է նրան, որ այսօր ՍԴ նախագահ է ընտրվել նախկին ՔՊ–ական Վլադիմիր Վարդանյանը, Չիչոյանն ասաց. «Քանի որ Սահմանադրական դատարանի մասին օրենքը, ինչպես նաև Սահմանադրությունը որևէ արգելք չունի նախկինում քաղաքականությամբ զբաղված անձանց, ով այդ պահին քաղաքական գործիչ չի, արդեն քաղաքական կուսակցության անդամ չի հանդիսանում, որևէ կերպ դառնալ ՍԴ դատավոր անդամ, որից հետո նաև ընտրվել ՍԴ նախագահ, կարծում եմ օրենքի իմաստով խնդիր այդտեղ չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է ընտրությանը, ընտրել են ՍԴ դատավորները, հետևաբար նաև ենթադրում եմ արժանիքները գնահատել են ու ընտրել են»։
Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հրամանով ՝ դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել:
Ընդհանուր ժողովի օրակարգում դատավորների գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն է։











