Լուիզիանայի պետական համալսարանը (LSU) մոտ 7,5 մլն դոլար է ներգրավել խնամատար ընտանիքներում մեծացած ուսանողների կրթաթոշակների համար, հայտնում է Associated Press-ը։
Միջոցները կհատկացվեն ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի «Fostering the Future» («Կերտելով ապագան») ծրագրի շրջանակում, որն ուղղված է առանց կենսաբանական ծնողների մեծացած երիտասարդների աջակցությանը։
Միջոցների ներգրավման մասին Մելանյա Թրամփը հայտարարել է շաբաթ օրը Բաթոն Ռուժում՝ համալսարանում անցկացված միջոցառման ժամանակ։ Նրա համոզմամբ, ֆինանսավորումը կօգնի երիտասարդներին կայունություն ձեռք բերել, որակյալ կրթություն ստանալ և հաջող կյանք կառուցելու հնարավորություն ունենալ։
Սկզբում հաղորդվել էր մասնավոր նվիրատվությունների միջոցով 7,2 մլն դոլարի ներգրավման մասին։ Դրանից 5 մլն դոլար պարտավորվել է փոխանցել Բաթոն Ռուժում տեղակայված MMR Group էլեկտրատեխնիկական ընկերությունը, ևս 2,2 մլն դոլար հավաքել են LSU-ի հիմնադրամի ներկայացուցիչները։ Գումարը կուղղվի մշտական նպատակային հիմնադրամին, որից կֆինանսավորվեն կրթաթոշակները։ Ավելի ուշ առաջին տիկինը հստակեցրել է, որ գումարն արդեն հասել է 7,5 մլն դոլարի և շարունակում է աճել։
Ծրագրին մասնակցում է 26 քոլեջ և համալսարան, որտեղ այս կիսամյակում աջակցություն է ստանում 100 ուսանող։ LSU-ում սովորում է 14 կրթաթոշակառու, ևս ինը՝ Ալաբամայի համալսարանում։
«Որպես մեծահասակներ՝ մենք բարոյական պատասխանատվություն ենք կրում մեր երեխաների, հատկապես խնամակալության ներքո գտնվողների համար։ Բայց իրավիճակն իսկապես փոխելու համար մենք պետք է գործենք։ Խնամատար ընտանիքների համայնքին խոսքեր պետք չեն», — հայտարարել է Մելանյա Թրամփը։
Միջոցառումից հետո առաջին տիկինը ներկա է գտնվել LSU-ի և Ալաբամայի համալսարանի թիմերի միջև ամերիկյան ֆուտբոլի հանդիպմանը։ LSU-ի խաղացողների մարզահագուստի վրա տեղադրվել էր երեխաների բարեկեցությանը նվիրված նրա «Be Best» նախաձեռնության տարբերանշանը։
«Fostering the Future» ծրագիրը դարձել է «Be Best» նախաձեռնության շարունակությունը, որը Մելանյա Թրամփն առաջ էր մղում Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում։ Այն նախատեսում է կրթաթոշակներ և այլ աջակցություն խնամատար ընտանիքներում մեծացած երիտասարդների համար։ Անցյալ տարի նախագահը հրամանագիր է ստորագրել դաշնային գերատեսչությունների, համալսարանների, բիզնեսի և բարեգործական կազմակերպությունների համագործակցության մասին՝ երիտասարդների այս խմբի կրթական և աշխատանքային հնարավորություններն ընդլայնելու նպատակով։




























