«Թրամփի ուղին» (TRIPP) կարող է փոխել Հարավային Կովկասի տրանսպորտային աշխարհագրությունը՝ Հայաստանի համար երկաթուղային ելք բացելով դեպի Իրան, Թուրքիա և այնուհետև Եվրոպա, ինչպես նաև ընդլայնելով Կենտրոնական Ասիայի, Հնդկաստանի և Չինաստանի հետ առևտրի հնարավորությունները։ Սակայն նախագծի տնտեսական ներուժը դեռ չի նշանակում, որ լիարժեք շահագործումը շուտով կսկսվի․ հիմնական խոչընդոտներից են հայ-ադրբեջանական խաղաղության փխրունությունը, Իրանի դիրքորոշումը և Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի կառավարմանը Ռուսաստանի մասնակցության հարցը, կարծում է «Коммерсантъ» պարբերականը։
«Այս երկաթուղային ճյուղը Հայաստանի համար ուղիղ հաղորդակցություն է բացում Կենտրոնական Ասիայի և ավելի հեռու գտնվող երկրների հետ։ Խոսքը Հնդկաստանի, Չինաստանի և Մետաքսի մեծ ճանապարհի ճյուղերից մեկի մասին է։ Սա Հայաստանի համար կարճ ճանապարհ է դեպի Իրան։ Ինչպիսի քաղաքական և աշխարհաքաղաքական վայրիվերումներ էլ տեղի ունենան Իրանի շուրջ, Երևանը լավ հարաբերություններ ունի այդ երկրի հետ», — պարզաբանել է հայ լրագրող Մարկ Գրիգորյանը։
Նրա կարծիքով, երթուղին նաև հնարավորություն կտա հաղորդակցություն հաստատել Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև, իսկ գործող Գյումրի–Կարս երկաթուղու շնորհիվ՝ տարածաշրջանը կապել Թուրքիայի հետ։ Հայաստանի համար սա նշանակում է հնարավոր ելք դեպի Թուրքիայի տրանսպորտային ցանց և այնուհետև՝ Եվրոպա։
«Տնտեսական առումով երկաթուղու այս փոքր հատվածը շատ կարևոր և, ընդհանուր առմամբ, բոլոր կողմերի համար շատ շահավետ է դառնում», — նշել է Գրիգորյանը։
Միաժամանակ լրագրողը կասկածում է, որ նախագիծը կհաջողվի իրականացնել առաջիկա տարիներին։ Բացի Ռուսաստանի մասնակցության շուրջ անորոշությունից, որին կոնցեսիոն կառավարման է հանձնված Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը, լուրջ խոչընդոտ է մնում Երևանի և Բաքվի միջև խաղաղության անկայունությունը։ Լրացուցիչ գործոն է Իրանի դիրքորոշումը, որը նախկինում հայտարարել էր նախագծի իրականացման որոշ տարբերակների անընդունելիության մասին։
«Սա արագ իրականացվող նախագիծ չէ․ կարծում եմ՝ այն չի իրականացվի 2027-ին կամ նույնիսկ 2028 թվականին», — կարծում է Գրիգորյանը։
«Թրամփի ուղու» ստեղծման մասին ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պայմանավորվել են 2025 թվականի օգոստոսին՝ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը։ Նախագիծը նախատեսում է ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքների, ինչպես նաև նավթագազային հաղորդակցությունների զարգացում։ Հայաստանի տարածքով անցնող երթուղու հատվածը պետք է կազմի մոտ 42 կմ։
Հետագա աշխատանքների շրջանակում կողմերը պայմանավորվել են ստեղծել եռակողմ խումբ՝ դիվանագետների և տեխնիկական մասնագետների մասնակցությամբ։
Նախատեսվում է նաև տրանսպորտային ենթակառուցվածքի և էլեկտրաէներգետիկայի հարցերով առանձին խմբերի ձևավորում։ Նրանց խնդիրն է պայմաններ նախապատրաստել նախագծի գործնական իրականացման համար։





























