ՆԱՏՕ-ի երկրները բախվել են մոտ 7 մլրդ եվրոյի պակասուրդի՝ 2026 թվականին Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելու պարտավորությունները կատարելու համար։ Ռուսաստանի օդային հարձակումների ուժգնացման և ձմռան մոտենալու պայմաններում միջոցների պակասը կարող է բարդացնել Կիևին հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար անհրաժեշտ սպառազինության գնումը, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով դաշինքի երեք դիվանագետների։

Հուլիսին ՆԱՏՕ-ի 32 երկրները պայմանավորվել են Ուկրաինային 2026 թվականին տրամադրել 70 մլրդ եվրոյի ռազմական օգնություն և նույնքան էլ՝ 2027 թվականին։ Սակայն տարեվերջին երկու ամսից պակաս ժամանակ մնացած՝ դաշնակիցներին դեռ մոտ 7 մլրդ եվրո չի բավականացնում սահմանված նպատակին հասնելու համար։ Առաջացած պակասուրդի հստակ պատճառները հայտնի չեն։

Նոյեմբերի 17-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք հանդիպմանը եվրոպական երկրները մտադիր են քննարկել ֆինանսավորումն ավելացնելու և կենսական նշանակություն ունեցող սպառազինության մատակարարումներն արագացնելու ուղիները։ Դիվանագետների կարծիքով, դաշնակիցները կարող են հայտարարել նոր պարտավորությունների մասին, սակայն վտանգ կա, որ այս տարվա օգնության վերջնական ծավալը չի հասնի նախատեսված մակարդակին։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ դաշնակիցները շարունակում են Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ ռազմական աջակցությունը և աշխատում են նրա կարիքներն ապահովելու ուղղությամբ՝ ինչպես մոտ ապագայում, այնպես էլ հետագայում։

Սահմանված նպատակը ներառում է տարվա ընթացքում երկրների տրամադրած երկկողմ օգնությունը, ինչպես նաև Ուկրաինայի համար Եվրամիության նախատեսած 90 մլրդ եվրոյի վարկից 30 մլրդ եվրոն։

Կիևը բազմիցս գործընկերներին կոչ է արել ավելացնել ֆինանսավորումը՝ շարունակվող ռուսաստանյան օդային հարվածների պայմաններում։ Հինգշաբթի դաշնակիցների հետ փակ հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպան Ալյոնա Հետմանչուկն ընդգծել է Անկարայում հուլիսին կայացած գագաթնաժողովում ստանձնած պարտավորությունը կատարելու անհրաժեշտությունը։ Ուկրաինական ներկայացուցչությունը նաև կոչ է արել արագացնել նոր որոշումների ընդունումը և նախկինում հնչեցրած խոստումները վերածել սպառազինության իրական մատակարարումների կամ միջոցների փոխանցման։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ավելի վաղ հայտարարել էր, որ դաշնակիցները պետք է ակտիվացնեն Ուկրաինային տրամադրվող աջակցությունը, հատկապես հակաօդային պաշտպանության ոլորտում, քանի որ ձմեռը մոտենում է, իսկ ռուսաստանյան հարձակումները շարունակվում են։

Ֆինանսավորման պակասուրդն արտացոլում է ռազմական օգնությունը շարունակելու հարցում արևմտյան երկրների աճող դժվարությունները։ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԱՄՆ-ն գրեթե դադարեցրել է օգնության նոր փաթեթների տրամադրումը, և հիմնական բեռը կրել են եվրոպական պետությունները։ Միաժամանակ Գերմանիան, Նիդերլանդները և Հյուսիսային Եվրոպայի երկրները, որոնք ավանդաբար զգալի ներդրում են ունեցել, մյուս դաշնակիցներին կոչ են անում ավելի ակտիվ մասնակցել ֆինանսավորմանը։

Առանձին խնդիր կա PURL ծրագրի հետ կապված, որի շրջանակում եվրոպական երկրներն Ուկրաինայի համար գնում են կենսական նշանակություն ունեցող ամերիկյան սպառազինություն, այդ թվում՝ Patriot համակարգերի համար նախատեսված որսիչ հրթիռներ։

Երկու դիվանագետների տվյալներով, այս ծրագրով արդեն համաձայնեցված, բայց դեռ չվճարված մատակարարումների ֆինանսավորման մեջ առաջացել է 1,9 մլրդ դոլարի պակասուրդ։

Բացի այդ, դաշնակիցները կասկածում են, որ կկարողանան հասնել այս տարի PURL-ի համար 15 մլրդ դոլար ներգրավելու՝ Ռյուտեի սահմանած նպատակին։ ՆԱՏՕ-ում Ուկրաինայի ներկայացուցչության տվյալներով, ծրագրին միացել է 29 երկիր։ 2025 թվականին դրա մեկնարկից ի վեր հայտարարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 9 մլրդ դոլար։