Մեծ Բրիտանիան հարկատուների միջոցներից առնվազն 100 մլն ֆունտ ստեռլինգ է ծախսել Brexit-ից հետո բեռների ստուգման համար նախատեսված սահմանային անցակետերի կառուցման վրա, որոնք այդպես էլ չեն սկսել լիարժեք գործել, հայտնում է The Guardian պարբերականը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի հարկային ծառայության (HMRC) տվյալները, որոնք ստացվել են տեղեկատվության ազատության մասին հարցման հիման վրա։
Անգլիայում և Ուելսում կառուցված, այսպես կոչված, ներքին սահմանային յոթ օբյեկտներից հինգն այդպես էլ լիարժեք շահագործման չեն հանձնվել։ Պահպանողական կառավարությունը հրաժարվել է Եվրամիությունից ներմուծվող ապրանքների նախատեսված ստուգումների մի մասից՝ համարելով, որ եվրոպական սննդամթերքի որակը կմնա անփոփոխ։
Չօգտագործվող ամենաթանկ օբյեկտներից մեկը Դուվրի մերձակայքում՝ Գաստոն գյուղի շրջանում գտնվող տարածքն է։ Հողամասի ձեռքբերման համար ծախսվել է 21 մլն ֆունտ, ևս 7 մլն ֆունտ՝ նախապատրաստական աշխատանքների, այդ թվում՝ հնագիտական ուսումնասիրությունների համար։ Արդյունքում նախատեսված բեռնային տերմինալի տեղում մինչև օրս դաշտ է։
Բիրմինգհեմում սահմանային օբյեկտի կառուցման և հետագա փակման վրա ծախսվել է 17 մլն ֆունտ։ Ուորինգթոնում և Էբսֆլիթում տարածքների նախապատրաստումն արժեցել է ևս 20 մլն ֆունտ, իսկ Սթանսթեդի մերձակայքում գտնվող Նորթ Ուիլդ օդանավակայանի օբյեկտը՝ 5 մլն ֆունտ։
Կառուցված ոչ բոլոր անցակետերն են լիովին անօգուտ եղել, սակայն դրանց ծանրաբեռնվածությունը զգալիորեն ցածր է նախնական ակնկալիքներից։ Օրինակ՝ Պորտսմութի նավահանգիստը սահմանային վերահսկողության մասնագիտացված կետի համար ծախսել է 23 մլն ֆունտ, որից 17,1 մլն ֆունտը հատկացվել է պետական միջոցներից։ Մնացած շուրջ 6 մլն ֆունտը ստիպված է եղել հատկացնել քաղաքային խորհուրդը։ Նավահանգստի տնօրեն Մայք Սելերսի վկայությամբ, այժմ այնտեղ օրական միջինը ստուգվում է ընդամենը երկու բեռնատար կցորդ՝ նախատեսված 80-ի փոխարեն։
«Հաշվի առնելով, որ կետը գտնվում է գործող նավահանգստի տարածքում՝ լավագույն տարբերակում մենք կցանկանայինք այն օգտագործել այլ նպատակներով, այլ ոչ թե քանդել։ Բայց վերազինումը կարժենա գրեթե այնքան, որքան ապամոնտաժումը», — հայտարարել է Սելերսը։ Ըստ նրա, օբյեկտը նախագծվել է հատուկ ներմուծվող սննդամթերքի ստուգման և կենսաբանական անվտանգության ապահովման համար, ուստի այն որպես սովորական պահեստ օգտագործելու համար անհրաժեշտ կլինի էապես վերափոխել։
Միաժամանակ մյուս օբյեկտների ծախսերն էլ ավելի բարձր են եղել։ Քենթ կոմսության Սևինգթոն բնակավայրում գլխավոր սահմանային համալիրի կառուցման կապիտալ ծախսերը կազմել են 154 մլն ֆունտ։ Եվս 179 մլն ֆունտ են կազմել շահագործման ծախսերը։ Հոլիհեդում գործող անցակետի համար, որով ապրանքներ են ներմուծվում Իռլանդիայից, հողամասի ձեռքբերումն ու շինարարությունն արժեցել են 37 մլն ֆունտ։
Մեծ Բրիտանիայի ազգային աուդիտի վարչության գնահատմամբ, Brexit-ի հետ կապված երկրի ընդհանուր ծախսերը նախկինում գնահատվել են 4,7 մլրդ ֆունտ։ Այդ գումարը ներառել է նաև մաքսային ծրագրային ապահովման և այլ համակարգերի արդիականացման ծախսերը։
Նավահանգիստները, որոնք ստիպված են եղել ենթակառուցվածքներ կառուցել նոր ստուգումների համար, այժմ կառավարությունից փոխհատուցում են պահանջում այն օբյեկտների դիմաց, որոնք կարող են անպետք դառնալ Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։





























