Հայաստանին անհրաժեշտ են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց աջակցող համայնքային ծառայություններ։ Այս միտքը լրագրողների հետ զրույցում արտահայտել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով համապատասխան հաստատություններում հաշվառված անձանց կողմից կատարված հանցագործությունների աճի վերաբերյալ հարցին։
Մանասյանը կոչ է արել չկենտրոնանալ անձի հոգեկան վիճակի վրա և չխորացնել կարծրատիպերը, առավել ևս, որ հանցագործությունների վիճակագրությունն ամենևին չի վկայում նման հանցագործությունների մեծ թվի մասին։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է Հայաստանում համայնքային ծառայություններ ստեղծելու անհրաժեշտությունը։
Նա հավելել է, որ «բոլորին հոգեկան առողջության կենտրոններ տեղափոխելու» տարածված պահանջը ոչ միայն չի համապատասխանում միջազգային չափանիշներին, այլև կարող է պարզապես ազատությունից ապօրինի զրկում լինել։ Անհրաժեշտ է զարգացնել համայնքային ծառայությունները, ինչպես նաև սպասել գործերի քննության ավարտին՝ հասկանալու համար, թե ինչ հանգամանքներում է կատարվել հանցագործությունը, նշել է Մանասյանը։











