Մոլորակի ամենաբարձր շենքի կոչման համար մղվող մրցավազքը «Բուրջ Խալիֆայի» կառուցմամբ չի ավարտվել։ Naked Science-ը ներկայացրել է ամենաբարձր երկնաքերերի ցանկը, որոնց շինարարությունն առաջարկվում է առաջիկա տարիներին իրականացնել տարբեր երկրներում։

Ցանկում ընդգրկված են ինչպես պաշտոնական հավանություն ստացած նախագծեր, այնպես էլ շենքեր, որոնց շինհրապարակների նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Բացի այդ, այստեղ ներկայացված են երկնաքերեր, որոնց շինարարությունը մեկնարկել էր, սակայն հետագայում դադարեցվել է։

Այս երկնաքերը նախագծվել է որպես երբևէ կառուցված ամենաբարձր շենքը։ Դրա բարձրությունը պետք է կազմի շուրջ 2000 մետր, իսկ հարկերի քանակը՝ 678։ Այդպիսով, այն ավելի քան երկու անգամ բարձր կլինի դուբայական «Բուրջ Խալիֆա» երկնաքերից և մոտ հինգ անգամ կգերազանցի «Էմփայր Սթեյթ Բիլդինգի» բարձրությունը։

Նախագիծը մշակել է Մեծ Բրիտանիայի խոշորագույն ճարտարապետական ընկերությունը՝ բրիտանական Foster + Partners ճարտարապետական բյուրոն, և այն վայելում է Սաուդյան Արաբիայի Սուվերեն հիմնադրամի աջակցությունը։ Աշտարակը պետք է դառնա լայնածավալ North Pole թաղամասի՝ 306 քառակուսի կիլոմետր տարածքով բազմաֆունկցիոնալ մեգապոլիսի կենտրոնական օղակը, որը նախատեսվում է կառուցել Էր Ռիադի հյուսիսային հատվածում։

Oblisco Capitale երկնաքերը գերբարձրահարկ շենքի հաստատված նախագիծ է, որը նախատեսվում է վեր խոյել Եգիպտոսի Նոր վարչական մայրաքաղաքում։ Դրա բարձրությունը պետք է հասնի աննախադեպ՝ 1000 մետրի սահմանագծին։ Իրագործման դեպքում նախագիծը կգերազանցի դուբայական «Բուրջ Խալիֆային» և կկարողանա դառնալ աշխարհի ամենաբարձր շենքը։

Նախագիծը ներկայացվել է 2018 թվականին՝ Egypt Vision 2030 ազգային ռազմավարության շրջանակում։ Այն արտացոլում է Եգիպտոսի հավակնությունները ճարտարապետության և տնտեսական զարգացման ոլորտներում, ինչպես նաև մոլորակի ամենաբարձր կառույցի շինարարության շնորհիվ երկրի միջազգային հեղինակությունն ամրապնդելու ձգտումը։

BUMN Tower-ը 156 հարկանի գերբարձրահարկ երկնաքերի նախագիծ է, որը ծրագրվում է կառուցել Նուսանտարայում։ Այս քաղաքը կառուցապատման փուլում է և շինարարության ավարտից հետո պետք է դառնա Ինդոնեզիայի նոր մայրաքաղաքը։

Շենքի բարձրությունը մինչև տանիք կկազմի 745 մետր, իսկ սայրաձողի հետ միասին՝ 780 մետր։ Եթե նախագիծը կյանքի կոչվի, երկնաքերը տեսականորեն կկարողանա բարձրությամբ զբաղեցնել երկրորդ տեղն աշխարհում։ Այդուհանդերձ, նման սցենարը քիչ հավանական է, քանի որ մի քանի ավելի բարձր շենքերի շինարարությունը պետք է ավելի շուտ ավարտվի։

Uptown Dubai Tower 1-ը գերբարձրահարկ երկնաքերի նախագիծ է, որն առաջարկվում է կառուցել Uptown թաղամասում՝ Jumeirah Lake Towers համալիրի հարևանությամբ։

Աշտարակի նախագծային բարձրությունը 711 մետր է։ Շինարարության ավարտից հետո այն պետք է դառնա Դուբայի երրորդ ամենաբարձր շենքը՝ «Բուրջ Խալիֆայից» և «Բուրջ Ազիզիից» հետո։

Երկնաքերը ներառված է Uptown Dubai համալիր կառուցապատման նախագծում։ Ընդհանուր առմամբ այստեղ նախատեսված է երկու բարձրահարկ շենքի կառուցում։ Դրանցից երկրորդի՝ 340 մետր բարձրությամբ Uptown Tower-ի շինարարությունն ավարտվել է 2023 թվականին։

«Լախտա Կենտրոն - 2» երկնաքերը նախատեսվում է կառուցել արդեն գոյություն ունեցող «Լախտա Կենտրոնի» կողքին։ Նախագծի իրականացման դեպքում նոր աշտարակի բարձրությունը կկազմի 703 մետր, իսկ հարկերի քանակը՝ 150։ Սա նրան թույլ կտա դասվել աշխարհի ամենաբարձր շենքերի շարքում։

Նախագիծը «Գազպրոմ»-ը ներկայացրել է 2021 թվականին։ Ճարտարապետական հայեցակարգը նախատեսում է բնական շարժումներից ոգեշնչված նրբագեղ պարուրաձև կառուցվածք։ Նոր աշտարակը կշարունակի իր նախորդի ճարտարապետական ոճը, սակայն զգալիորեն ավելի մասշտաբային լուծումներով։

Շենքում նախատեսվում է տեղակայել գրասենյակներ, հանրային տարածքներ և դիտահարթակ։ Վերջինս, ըստ նախագծի, պետք է գտնվի մոտ 590 մետր բարձրության վրա և դառնա ամենաբարձրն աշխարհում։

Tower M-ը գերբարձրահարկ երկնաքերի նախագիծ է, որը ենթադրվում է կառուցել KLCC թաղամասում, որտեղ գտնվում են հանրահայտ «Պետրոնաս» երկվորյակ աշտարակները։

Աշտարակը մտնում է Ombak KLCC բազմաֆունկցիոնալ համալիրի կազմի մեջ։ Նախագիծը ենթադրում է երեք գրասենյակային երկնաքերերի կառուցում, որոնք տեղակայված կլինեն առևտրային տարածքներ ունեցող ընդհանուր հիմնահարկի վրա։ Թեև նախագիծը ծրագրման փուլում է, KLCC Property Holdings կառուցապատող ընկերությունը դեռևս 2018 թվականին հայտարարել էր, որ գլխավոր աշտարակի շինարարությունը դժվար թե 2035 թվականից շուտ մեկնարկի։ Աշխատանքների ավարտը կարող է նախատեսվել 2045-ից 2050 թվականների ընթացքում։

King Salman Gate նախագիծը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը ներկայացրել է 2025 թվականի հոկտեմբերին։ Սա 12 միլիոն քառակուսի մետր մակերեսով մասշտաբային բազմաֆունկցիոնալ համալիր է, որը նախատեսվում է կառուցել Մեքքայի գլխավոր մզկիթի՝ Ալ-Մասջիդ ալ-Հարամի հարևանությամբ։

Նախագիծը նախատեսում է տարբեր հարկայնությամբ բարձրահարկ շենքերի մի քանի տասնյակ խիտ խմբերի կառուցում։ Դրանցից ամենաբարձրի բարձրությունը պետք է կազմի մոտ 600 մետր։ Սա համադրելի է Ալ-Մասջիդ ալ-Հարամ մզկիթի հակառակ կողմում գտնվող Մեքքայի Թագավորական ժամացույցի աշտարակի բարձրության հետ, որը հասնում է 601 մետրի։