Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թեհրանի հետ հնարավոր բանակցությունների մասին կեղծ լուրերի տարածումը և կատարել երկրի առաջադրած յոթ պայմանները։
«Իրանի հետ պատերազմն արդեն կործանել է ԱՄՆ կառավարությունը։ Բայց Վաշինգտոնը շարունակում է պայքարել հուսահատ խաղամոլի պես։ Հանձնվե՛ք։ Դադարեցրե՛ք մտացածին բանակցությունների մասին կեղծ լուրեր տարածելը», - գրել է Ռեզային X սոցիալական ցանցում։
Նրա կարծիքով՝ Վաշինգտոնի համար ժամանակն է ճանաչելու Արևմտյան Ասիայում ձևավորված նոր կարգը։
«Ժամանակն է կատարել այն յոթ պայմանները, որոնք Իրանը բազմիցս առաջադրել է», - հավելել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրանական խնդրի կարգավորման շուրջ բանակցություններում դրական տեղաշարժ կա։
«Մենք դրական տեղաշարժ ենք տեսնում, որը տանում է դեպի հակամարտության ավարտը։ Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ շահերը միշտ հաշվի առնվեն», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին Դոհայում (Կատար) ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հանդիպումը կազմակերպելու ծրագրերի մասին։
Մինչդեռ իրանական Tasnim գործակալությունը, հղում անելով իրազեկ աղբյուրին, հերքել է այդ տեղեկությունը։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ բանակցությունների վերաբերյալ Իրանի քաղաքականությունն ու ծրագրերը մնում են անփոփոխ։
Պաշտոնյան ընդգծել է, որ քանի դեռ ամերիկյան կողմը գործնական քայլեր չի ձեռնարկել Իրանի առաջադրած յոթ պայմանների շրջանակում, ամերիկյան կողմի հետ բանակցելու որևէ ծրագիր չի լինի։
Իրանն առաջարկել է կրկին բացել Հորմուզի նեղուցը և վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները, եթե իր պայմանները կատարվեն, այդ թվում՝ եթե ԱՄՆ-ը դադարեցնի ծովային շրջափակումը և վերացնի իրանական նավթի վաճառքի սահմանափակումները։





























