Մարդիկ դրական են ընկալում բարի արարքները, նույնիսկ եթե դրանք կատարողը դրանից հաճույք կամ այլ օգուտ է ստանում։ Ընդ որում, ջերմությունը, նախապես պլանավորելը և պարտավորության բացակայությունը մեծացնում են հավանականությունը, որ արարքը բարության դրսևորում կհամարվի։ Նման եզրակացությունների են հանգել Օհայոյի նահանգային համալսարանի հետազոտողները։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են International Journal of Applied Positive Psychology բժշկագիտական հանդեսում։

Գիտնականները որոշել են ստուգել՝ արդյոք մարդիկ իսկապե՞ս տարբեր կերպ են ընկալում «բարի» և «սիրալիր» հասկացությունները, և որքանով են կարևոր լավ արարք կատարող մարդու մտադրությունները։ Հետազոտության առիթ է դարձել դրական հոգեբանության դասերի ընթացքում ծավալված քննարկումը․ ուսանողները ենթադրել են, որ պարտքի զգացումից կամ սեփական հեղինակությունը բարելավելու համար կատարված արարքն ավելի շուտ պարզապես քաղաքավարություն կհամարվի, քան իսկապես բարություն։

Հետազոտության շրջանակում գիտնականները պատրաստել են 14 կարճ սցենար, որոնք այլ մարդկանց օգնելու տարբեր իրավիճակներ էին նկարագրում։ Նրանք հաշվի են առել յոթ գործոն՝ անանունությունը, օգնություն ստացողի օգուտը, օգնություն ցուցաբերողի ծախսերը, շրջապատի ակնկալիքները, նախապես պլանավորելը, հուզական ջերմությունը և մասնակիցների փոխհարաբերությունների բնույթը։

Կամավորներին առաջարկել են իրենց պատկերացնել օգնություն ստացողի դերում, օրինակ՝ երբ անծանոթն իրենց համար բաց է պահում դուռը կամ հերթում վճարում է իրենց սննդի համար, ապա գնահատել արարքները երեք չափանիշով՝ բարություն, սիրալիրություն և հոգատարություն։

Պարզվել է, որ հետազոտության մասնակիցները «բարի» և «սիրալիր» հասկացություններն ընկալել են գրեթե նույն կերպ։ Բացառություն է եղել արարքի գինը․ մեծ ջանքեր կամ ծախսեր պահանջող գործողությունները գնահատվել են որպես ավելի հաճելի, քան պակաս ծախսատարները, թեև դրանց բարության աստիճանը համարվել է համադրելի։

«Հոգատարություն» հասկացությունն ավելի խիստ պահանջներ է ենթադրել։ Իրար լավ ճանաչող մարդկանց միջև կատարված արարքներն ընկալվել են որպես ավելի հոգատար, քան անծանոթների համանման գործողությունները, սակայն պարտադիր չէ՝ որպես ավելի բարի կամ հաճելի։ Բացի դրանից, ավելի ծախսատար գործողություններն ավելի հաճախ են գնահատվել որպես հոգատարության դրսևորում։

Հետազոտողները պարզել են նաև, որ առավել դրական արձագանք են առաջացրել ջերմությամբ կատարված, նախապես մտածված և տվյալ մարդուց ակնկալվող պարտականություն չհանդիսացող արարքները։

Կլինիկական հոգեբանության պրոֆեսոր Ջենիֆեր Չիվենսի կարծիքով՝ արդյունքները հաստատում են, որ մարդիկ ընդհանուր առմամբ դրական են վերաբերվում լավ արարքներին, նույնիսկ եթե դրանք օգուտ են բերում նաև իրեն՝ բարեգործին։

Զարգացման հոգեբանության և լեզվաբանության պրոֆեսոր Լորա Վագները ենթադրել է, որ ուրիշներին օգնելուց ստացվող հաճույքը կարող է լինել բնական մեխանիզմ, որը մարդկանց դրդում է մերձոցիալական վարքի՝ շրջապատի բարօրությանն ուղղված գործողությունների։ Այլ կերպ ասած՝ բարի արարքից հետո առաջացող հաճելի հույզերը պարտադիր չէ, որ կասկածի տակ դնեն դրա արժեքը․ դրանք կարող են լինել այն մեխանիզմի մի մասը, որն օգնում է մարդկանց հոգ տանել միմյանց մասին։

Հեղինակները կարծում են, որ հետազոտության արդյունքները կարող են օգնել ավելի արդյունավետ խրախուսել մերձսոցիալական վարքը կրթական, կլինիկական և հասարակական միջավայրերում։