Հնագետները Սուդանում հայտնաբերել են միջնադարյան Նուբիայի խոշորագույն քրիստոնեական կառույցներից մեկի՝ Հիսուսի մեծ եկեղեցու ճարտարապետական տարրերը, հայտնում է IFL Science-ը։

Պեղումներն ընթանում են Հին Դոնգոլա քաղաքում, որը միջնադարում Մակուրիայի քրիստոնեական թագավորության կենտրոնն էր։ Հետազոտողներն առաջին անգամ հասել են տաճարի հատակի սկզբնական մակարդակին և մոնումենտալ սանդուղք հայտնաբերել։

Պեղումներն իրականացնում են Վարշավայի համալսարանի և Սուդանի հնությունների ու թանգարանների ազգային կորպորացիայի մասնագետները։ Նախնական գնահատականներով՝ շենքն ունեցել է մոտ 47 մետր լայնություն, 57 մետր երկարություն, իսկ բարձրությունը կարող էր հասնել 21 մետրի։ Սանդուղքի մոտ գտնվող որոշ պատեր պահպանվել են մոտ 11 մետր բարձրությամբ։

«Այս շենքն ավելի մեծ էր, քան Վաշինգտոնի հայտնի Սպիտակ տունը, և մենք նախատեսում ենք այն պեղել»,- հայտարարել է արշավախմբի ղեկավար, Վարշավայի համալսարանի Միջերկրածովյան հնագիտության կենտրոնի պրոֆեսոր Արթուր Օբլուսկին։

Հետազոտողի կարծիքով՝ Հիսուսի մեծ եկեղեցին կարող էր ճարտարապետական օրինակ ծառայել Նուբիայի և, հնարավոր է, Աֆրիկայի ավելի ընդարձակ տարածաշրջանի այլ կառույցների համար։ Գիտնականը դրա հնարավոր պատմական նշանակությունը համեմատել է Կոստանդնուպոլսի՝ ներկայիս Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի նշանակության հետ։

Հին Դոնգոլան Նեղոսի արևելյան ափին է։ VI դարում Մակուրիայի թագավորությունն ընդունել է քրիստոնեություն, որից հետո քաղաքը վերածվել է խոշոր կրոնական ու մշակութային կենտրոնի՝ բազմաթիվ եկեղեցիներով, վանքերով և մոնումենտալ կառույցներով։ Նրա ծաղկումը շարունակվել է մինչև XIV դարը։

Ներկայիս պեղումների ընթացքում հնագետները նաև փոքր եկեղեցի են հայտնաբերել Հիսուսի մեծ եկեղեցու վերին մակարդակում։ Թեև այդ կառույցի մեծ մասը չի պահպանվել, հետազոտողներին հաջողվել է նկարազարդ սվաղի բեկորներ և հունարեն արձանագրություններ գտնել։

Ըստ մասնագետների՝ պահպանված բեկորները վկայում են, որ պատերը զարդարված են եղել հոյակապ որմնանկարներով։ Հնագետներն արդեն այնքան բեկոր են հավաքել, որ դրանք պահելու համար դարակաշարերի վեց մեծ բաժանմունք է պահանջվել։

Արձանագրություններից մեկը աստվածաշնչյան Սամուել մարգարեի մոր՝ Աննայի աղոթքից մի հատված է։ Տեքստը գրված է եղել հունարեն՝ կոկիկ գրքային ձեռագրով։ Տառերի բարձրությունն ընդամենը մոտ կես սանտիմետր է։

Վարշավայի համալսարանը Հին Դոնգոլայում հնագիտական հետազոտություններ է իրականացնում 1960-ական թվականներից։ Սակայն հուշարձանի ուսումնասիրությունը բարդանում է Սուդանում ընթացող զինված հակամարտությունների պատճառով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ 2023 թվականի ապրիլին ներկայիս քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր երկրի ավելի քան 100 մշակութային օբյեկտ վնասվել, կողոպտվել կամ ոչնչացվել է։

Հին Դոնգոլան առայժմ խուսափել է նման ավերածություններից։ Շարունակվող պեղումները հնարավորություն են տալիս վերականգնել Աֆրիկայում միջնադարյան քրիստոնեության կարևորագույն կենտրոններից մեկի պատմությունը։