Պերուում հնագետները հայտնաբերել են զարգացման հազվադեպ արատով՝ ցիկլոպիայով ծնված նորածնի մնացորդներ։ Այս արատի դեպքում գանգում ձևավորվում է միայն մեկ՝ կենտրոնում տեղակայված ակնակապիճ, ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են PNAS հանդեսում։

ԴՆԹ-ի վերլուծությունը հաստատել է, որ մահացու վիճակի պատճառը քրոմոսոմային անոմալիան է եղել։ Երեխան ապրել է ավելի քան 1600 տարի առաջ։

Ինչպես հետազոտողներն են նշում իրենց աշխատանքում, նորածնին թաղել են կերամիկական աճյունասափորի մեջ. թաղման այս ձևը տարածված էր Նասկա մշակույթի ժամանակաշրջանում։ Նրա հետ սափորում եղել են ևս մեկ նորածին աղջկա մնացորդներ, որի կմախքում անոմալիաներ չեն հայտնաբերվել։

«Ցիկլոպիայով նորածինը դրված էր անոթի հատակին, իսկ երկրորդ երեխան՝ վերևում։ Այնուամենայնիվ, ըստ ամենայնի, նրանց թաղել են միաժամանակ»,- պատմել է Տոմաստո-Կագաոն։

Գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ երկու նորածինները տարբեր մայրեր են ունեցել։

«Մենք չենք կարող հստակ ասել, թե որքան է ապրել այս երեխան»,- հայտնել է հետազոտության համահեղինակ, Սանտա Կրուսի Կալիֆոռնիայի համալսարանի մարդաբան Լարս Ֆերեն-Շմիտցը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, թաղման բնույթը վկայում է այն մասին, որ Նասկա մշակույթի ներկայացուցիչները մահացած նորածնին վերաբերվել են այնպես, ինչպես մյուս երեխաների մեծ մասին։

Անդերի հնագույն հասարակություններում հաշմանդամություն ունեցող որոշ մարդիկ առանձնահատուկ դիրք են զբաղեցրել հասարակության մեջ, այդ թվում՝ կատարել են կրոնական ծեսերի հետ կապված գործառույթներ։

«Մենք չենք կարող մեկ դեպքի հիման վրա պնդել, որ այդպես է եղել Նասկայի ամբողջ հասարակության մեջ,- նշել է Ֆերեն-Շմիտցը։- Սակայն դա արտացոլում է այն համայնքի առանձնահատկությունները, որի մասն է եղել այս նորածինը, թեկուզ շատ կարճ ժամանակով»։

Ցիկլոպիան չափազանց հազվադեպ բնածին արատ է, որի դեպքում սաղմի զարգացման ընթացքում ակնակապիճները պատշաճ կերպով չեն բաժանվում։ Ծանր դեպքերում դա հանգեցնում է երկու ակնակապճի փոխարեն մեկ կենտրոնական ակնակապճի ձևավորմանը։ Այդ հիվանդությունը սովորաբար անհամատեղելի է երկարատև կյանքի հետ։