Մոտ 2,5 միլիարդ տարի առաջ Երկրի երկրաբանական պատմության մեջ շրջադարձ է տեղի ունեցել, որը փոխել է երկրակեղևի ձևավորման և վերափոխման գործընթացները։ Նման եզրակացության են հանգել Ավստրալիայի Քերթինի համալսարանի հետազոտողները՝ հնագույն ապարներում բնորոշ քիմիական հետք հայտնաբերելով:

Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the Royal Society A: Mathematical and Physical Sciences գիտական հանդեսում։

Սալերի տեկտոնիկան պայմանավորում է մայրցամաքների և օվկիանոսների շարժումը, ազդում մոլորակի կլիմայի և մագնիսական դաշտի վրա։ Սակայն դրա առաջացման ժամանակը պարզելը դժվար է. սալերի շարժման ընթացքում երկրակեղևը սուզվում է Երկրի խորքերը և վերամշակվում՝ ոչնչացնելով հնագույն գործընթացների վկայությունները։

Գիտնականներն ուսումնասիրել են ապարների հազարավոր նմուշներ, որոնք ընդգրկում են մոլորակի պատմության գրեթե 4 միլիարդ տարին։ 2,5 միլիարդ տարուց ավելի հին ապարներում նրանք հայտնաբերել են քիմիական հատկանիշներ, որոնք վկայում են, որ նյութը ծագել է մոտ 4 միլիարդ տարի առաջ ձևավորված հնագույն երկրակեղևի նյութական պաշարից։ Ավելի երիտասարդ ապարներում այդ հետքը բացակայել է։

Ըստ հետազոտության գլխավոր հեղինակ Յաննե Լիբմանի՝ քիմիական հատկանիշի անհետացումը վկայում է երկրակեղևի ձևավորման գործընթացների հիմնարար փոփոխության մասին։

Երկրի պատմության վաղ փուլերում հնագույն ապարները կարող էին բազմիցս հալվել և վերափոխվել՝ հիմնականում նույն տեղում։ Հետագայում ձևավորվել է մի համակարգ, որն ունակ էր շատ ավելի մեծ մասշտաբներով տեղափոխել և վերամշակել երկրակեղևը։

Հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Քրիս Քըրքլենդը ստացված տվյալները համարել է ժամանակակից Երկրի տեսքը պայմանավորող գործընթացներին անցման առավել համոզիչ երկրաբանական վկայություններից մեկը։

Միևնույն ժամանակ, հայտնաբերված քիմիական հետքը մատնանշում է երկրաբանական էվոլյուցիայի կարևոր փուլ, սակայն չի սահմանում ժամանակակից սալերի տեկտոնիկայի բոլոր տարրերի առաջացման ճշգրիտ ժամանակը։