Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծով առաջարկվում է ընդլայնել սոցիալական կրեդիտների կիրառման շրջանակը՝ դրանում ներառելով հասարակական կազմակերպությունները, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտներն ու քաղաքական կուսակցությունները։ Այս մասին նոյեմբերի 11-ին՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանը։
Մասնավորապես՝ նախատեսվում է, որ ֆիզիկական անձինք կկարողանան իրենց վճարած հարկի հաշվին մասհանումներ կատարել հասարակական կազմակերպություններին (ՀԿ), լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև քաղաքական կուսակցություններին։
Նման մասհանումների համար սահմանվելու է հատուկ ընթացակարգ։ Հարկային մարմինը կձևավորի և կհրապարակի ՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների առանձին ցանկեր։
«Ցանկերում կկարողանան ընդգրկվել այն ՀԿ-ները, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտներն ու կուսակցությունները, որոնք համապատասխանում են Կառավարության սահմանած չափանիշներին և հարկային մարմին են ներկայացրել տեղեկություններ իրենց ֆինանսական գործունեության վերաբերյալ։ Եկամուտների հայտարարագիր ներկայացնելիս ֆիզիկական անձինք էլեկտրոնային համակարգի միջոցով կկարողանան ընտրել կազմակերպությունը և նշել հատկացվող գումարի չափը։ Իսկ պետական գերատեսչությունները պետք է կազմակերպեն միջոցների փաստացի փոխանցման գործընթացը։ Ընդ որում՝ մասհանումներ հնարավոր կլինի կատարել միաժամանակ որևէ ՀԿ-ի, լրատվամիջոցի կամ կուսակցության», — պարզաբանել է փոխնախարարը։
Նախագծի նպատակը, ինչպես հավաստիացրել է պաշտոնյան, այնպիսի մեխանիզմների ձևավորումն է, որոնք կնպաստեն ՀԿ-ների, լրատվամիջոցների և քաղաքական կուսակցությունների ֆինանսական անկախության ու թափանցիկության բարձրացմանը, ազատ և անկողմնակալ խոսքի զարգացմանը, ինչպես նաև հանրության հետ կապի ամրապնդմանը։
Այդուհանդերձ, չնայած նման դրական ներկայացմանը, ընդդիմադիր պատգամավորների մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել։ Նրանց գնահատմամբ՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե նախաձեռնությունը քաղաքացիների համար լրացուցիչ հնարավորություն է՝ աջակցելու քաղաքացիական հասարակությանը, ԶԼՄ-ներին և քաղաքական ուժերին։ Սակայն այս օրենսդրական նախաձեռնության բովանդակությունը մի շարք հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները նախագծի տեքստում հաճախ բացակայում են։
Մասնավորապես՝ օրինագծով սահմանվում է, որ սոցիալական ծախսերի առանձին ուղղությունները, դրանց առավելագույն չափերը, աջակցություն ստանալու իրավունք ունեցող ՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների շրջանակը, դրանց ներկայացվող չափանիշները, ինչպես նաև տեղեկությունների ներկայացման ու հրապարակման կարգը սահմանելու է Կառավարությունը։
Այսինքն՝ օրենսդրական նախաձեռնությունը հստակ չափանիշներ չի սահմանում՝ այդ կարևոր որոշումները թողնելով գործադիր իշխանության հայեցողությանը։
Փաստացի ստացվում է հետևյալը. քաղաքացին կարող է ցանկություն հայտնել իր վճարած եկամտային հարկից, ասենք, 3000 դրամ ուղղել այս կամ այն լրատվամիջոցին կամ հասարակական կազմակերպությանը, սակայն մինչ այդ անհրաժեշտ կլինի պարզել՝ արդյոք տվյալ կազմակերպությունը համապատասխանում է Կառավարության սահմանած պահանջներին։
Հենց այստեղ էլ ծագում է գլխավոր խնդիրը. քաղաքացուն տրված ընտրության հնարավորությունը կարող է սահմանափակվել հենց իշխանության գծած շրջանակներով։ Քաղաքացին կկարողանա ընտրել միայն այն կազմակերպություններից, որոնք կանցնեն գործադիր իշխանության «մաղով» (ֆիլտրով)։ Գործնականում խոսքն այն կազմակերպությունների մասին է, որոնք փաստացի գործում են ի հաճույս գործող իշխանության և նրա քաղաքականության շրջանակում։
Խնդրահարույց է նաև այն, որ նույն մեխանիզմի մեջ ներառվել են ԶԼՄ-ները, հասարակական կազմակերպություններն ու քաղաքական կուսակցությունները։ Դրանք տարբեր առաքելություն, գործունեության բնույթ և հանրային դերակատարում ունեցող կառույցներ են։ Ընդ որում՝ կուսակցությունների վերաբերյալ դրույթն ընդհանրապես ավելացվել է վերջին պահին։
Հատկապես զգայուն է լրատվամիջոցների հարցը։ Եթե պետությունն է որոշելու, թե ինչ չափանիշներով կարող է ԶԼՄ-ն դառնալ եկամտային հարկից մասհանումներ ստացող, կամ, ինչպես ավելի վաղ հայտարարել էին Կառավարության ներկայացուցիչները, թե որ լրատվամիջոցն է ապատեղեկատվություն տարածում և որը՝ ոչ, ապա լիովին կարող է առաջանալ անհավասար վերաբերմունքի և ընտրովի մոտեցման վտանգ։
Օրինագծում նշված չէ նաև, թե կոնկրետ որքան գումար կամ եկամտային հարկի ինչ մասնաբաժին կկարողանա քաղաքացին ուղղել վերոնշյալ կառույցների աջակցությանը։ Այդ առավելագույն շեմի սահմանումը ևս որոշվել է թողնել Կառավարության հայեցողությանը։
Այսպիսով, օրենսդրական նախաձեռնության առանցքային դրույթները՝ շահառուների շրջանակից մինչև մասհանումների առավելագույն չափերն ու վերահսկողության ընթացակարգերը, դեռ պետք է սահմանի գործադիր իշխանությունը։
Նախագծով նախատեսվում է, որ փոփոխությունները կիրառվելու են 2026 թվականի և հաջորդող հարկային տարիների համար հաշվարկված ու վճարված եկամտային հարկից գոյացած գումարների նկատմամբ։ Իսկ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը Կառավարությունը պետք է ընդունի օրենքի ընդունումից հետո՝ երեք ամսվա ընթացքում։
«Եթե ձեզ համար դա փակ տեղեկատվություն է, բնավ չի նշանակում, որ մեկ ուրիշի համար էլ է անհասանելի։ Խնդիրն այն է, որ կան մարդիկ, ովքեր ի պաշտոնե հասանելիություն ունեն այդ տվյալներին և կարող են ուղիղ կապեր հաստատել… Եղել են մարդիկ, որոնք քաղաքական կուսակցություններին որոշակի գումարներ են նվիրաբերել։ Եվ երբ նրանց նվիրատվությունների գումարը գերազանցել է որոշակի շեմը, Քննչական կոմիտեն նրանց կանչել է իր մոտ և սկսել «զրույցներ» վարել։ Բացի այդ, մամուլում տեսել ենք հրապարակումներ այն մասին, թե ինչպես են մարդիկ նվիրատվություններ արել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և սուտ ցուցմունք տալու համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Լուրջ մտավախություն կա, որ այս կերպ դուք կկարողանաք ստանալ որոշակի տեղեկատվություն, որը, հաշվի առնելով մեր երկրում բռնապետության հաստատմանը տանող գործընթացները, կարող է մարդկանց վրա ճնշում գործադրելու ուղիղ գործիք դառնալ։ Մարդիկ պարզապես կսկսեն վախենալ ընդդիմությանը ֆինանսավորելուց և շատ ավելի մեծ հաճույքով կֆինանսավորեն իշխող կուսակցությանը։ Եկեք դա ամրագրենք հենց օրենքում և չթողնենք Կառավարության հայեցողությանը», — հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։
Ֆինանսների փոխնախարարն ի պատասխան հավաստիացրել է, որ հայտարարագրում ներառված տեղեկատվությունը փակ է.
«Ես ինքս, ժամանակին լինելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, հասանելիություն չեմ ունեցել եկամտային հարկի համակարգին։ Այնպես որ, այդ տեղեկատվությունը բաց չէ և ոչ մեկին չի փոխանցվում», — վստահեցրել է պաշտոնյան։
Խաչատրյանն իր հերթին հակադարձել է, որ գուցե ինքը՝ փոխնախարարը, տեղյակ չի եղել այդ մասին, սակայն որոշում կայացնող անձինք այս կամ այն կերպ ստանում են նման տեղեկատվություն։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը քննադատել է ընդդիմադիր գործընկերոջը՝ առաջարկվող փոփոխությունները որպես քաղաքացիների նկատմամբ համատարած վերահսկողություն սահմանելու փորձ մեկնաբանելու համար։
Ի պատասխան՝ Խաչատրյանը կեսկատակ-կեսլուրջ ասել է.
«Այն, որ ինձ հետևում են, ակնհայտ է։ Ես ուզում եմ հասկանալ՝ իմ ննջասենյակում գաղտնալսող սարք կա՞, թե՞ ոչ… Սա հարկային հարց չէ, այլ քաղաքական։ Կուսակցությունների հարցը շատ լուրջ ռիսկեր է պարունակում, որովհետև եթե հրավեր ես ստանում, օրինակ, «հաջողակ տղամարդկանց» ընթրիքի, դրանից հրաժարվելը չափազանց բարդ է դառնում»։
Բավականին բուռն քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը, ինչպես և սպասելի էր ուժերի հարաբերակցության պայմաններում, ստացավ խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։





























