Մոսկվան պատրաստ է տնտեսական միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ, եթե Երևանը շարունակի Եվրամիության հետ ինտեգրման և Արևմուտքի հետ մտերմացման ուղին: Ընդ որում, հայկական իշխանությունների համար գլխավոր հարցը չպետք է լինի այն, թե արդյոք երկիրն իրավունք ունի՞ ինքնուրույն ընտրելու արտաքին քաղաքական ուղին, այլ այն, թե պատրա՞ստ է արդյոք նա վճարել դրա հնարավոր գինը և արդյոք տնօրինո՞ւմ է հետևանքներից պաշտպանվելու մեխանիզմներով: Նման տեսակետ է հայտնել ամերիկյան Լիհայի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Արման Գրիգորյանը՝ NEWS. am-ի «Ուժի գործոն» հաղորդմանը տված հարցազրույցում:

Մեկնաբանելով ռուսական գազի գների բարձրացման և տնտեսական սահմանափակումների մտցման հավանականությունը, որոնք կարող էին հանգեցնել լուրջ ճգնաժամի Հայաստանում, Գրիգորյանը հայտարարել է, որ Մոսկվայի պատրաստակամությունը նման քայլերին չպետք է զարմանք առաջացնի:

«Իմ կարծիքով, զարմանալ կամ բացատրություն փնտրել պետք է ավելի շուտ այն կանխատեսմանը, ըստ որոի Մոսկվան ոչ մի նման բան չի անի և նման քաղաքականությունը կհամարի սեփական շահերին հակասող: Եկեք այս ամենի մասին ուղիղ խոսենք»,- նշել է քաղաքագետը:

Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը Ուկրաինայում տեղի ունեցողը դիտարկում է որպես Արևմուտքի փաստացի պրօքսի-պատերազմ Մոսկվայի դեմ: Այդ ֆոնին ԵՄ-ին անդամակցելու, Արևմուտքի հետ ինտեգրվելու և դրա աջակցությամբ անվտանգության այլընտրանքային համակարգ ստեղծելու մասին Հայաստանի մշտական ​​հայտարարություններն օրինաչափորեն առաջացնում են ռուսական ղեկավարության մտահոգությունը:

«Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ակնկալել, որ Ռուսաստանը հանգիստ կնայի դրան, նման գործողությունները որպես թշնամական չի ընկալի և չի անհանգստանա դրանց պատճառով»,- հայտարարել է Գրիգորյանը:

Նա ընդգծել է, որ ինքը չի վիճարկում Հայաստանի իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իր ապագան: Սակայն, նրա կարծիքով, ինքնիշխանության և ընտրության իրավունքի մասին խոսակցությունները կորցնում են գործնական իմաստը, եթե իշխանությունները չեն գնահատում իրենց որոշումների հետևանքները:

«Եթե Հայաստանը կարողանար որոշում ընդունել իր ձգտումներին համապատասխան և իրոք ի վիճակի լիներ դիմանալու այն գնին, որը ստիպված կլինի վճարել այս ընտրության համար, դա բոլորովին այլ խոսակցություն կլիներ: Բայց հիմա քննարկում են, թե արդյոք մենք դրա իրավունքն ունե՞նք, որքան վատն է Ռուսաստանը, որքան իմպերիալիստական ​​է և այլն: Ես նման խոսակցությունները բացարձակապես անիմաստ եմ համարում»,- ասել է քաղաքագետը:

Գրիգորյանը հիշեցրել է, որ Ռուսաստանը երկար ժամանակ նախկին ԽՍՀՄ երկրների ինտեգրումը Արևմուտքի հետ, հատկապես անվտանգության ոլորտում, դիտարկում է որպես սպառնալիք իր կենսական շահերին: Նա շեշտել է, որ 2008 թվականից Մոսկվան բացահայտ հայտարարել էր նման մտերմացման անընդունելիության մասին, ընդ որում, այժմ նրա առարկությունները վերաբերում են ոչ միայն ՆԱՏՕ-ին, այլև ԵՄ-ին, որը կարող է դառնալ միջանկյալ փուլ արևմտյան ռազմաքաղաքական կառույցներին ինտեգրվելու ճանապարհին:

Ընդ որում, ընդգծել է փորձագետը, սահմանափակումներ գոյություն ունեն նաև հենց Եվրամիության կողմից. ԵՄ-ին անդամակցելն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամության հետ: Այդ խնդիրը հայտնի էր դեռևս 2013 թվականին՝ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի և ԵՄ-ի միջև ասոցացման շուրջ բանակցությունների ժամանակ:

«Զարմանալին այն չէ, որ Ռուսաստանը նման կոշտ դիրքորոշում է բռնել, այլ այն, որ դա ավելի շուտ տեղի չի ունեցել: Ամեն ինչ կանխատեսելի էր: Մենք պետք է հաշվի առնեինք, որ մեր վարքագիծը նման արձագանք է առաջացնելու»,- նշել է Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ հենց հնարավոր հետևանքների գնահատումը պետք է դառնար հայկական արտաքին քաղաքական բանավեճի կենտրոնական թեման:

«Գլխավոր հարցը պետք է հնչեր հետևյալ կերպ. եթե հետևի նման արձագանք, ի՞նչ ենք անելու: Արդյո՞ք պատրաստ ենք վճարել դրա գինը: Արդյո՞ք կլինի մեկը, որը կպաշտպանի մեզ այս արձագանքից, կամ կարող ենք արդյոք ինչ-որ կերպ փոխհատուցել այն գինը, որը ստիպված կլինենք վճարել: Դա միակ զրույցն է, որը պետք է վարվեր Հայաստանում այս խնդրի առնչությամբ: Բայց հենց այս զրույցից են համառորեն խուսափում»,- հայտարարել է քաղաքագետը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու են իշխանությունները շարունակում եվրոպական ինտեգրման ուղին՝ չնայած ԵՄ-ին անդամակցելու հստակ հեռանկարների և Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացումից պաշտպանության երաշխիքների բացակայությանը, Գրիգորյանն ընդունել է, որ նման քաղաքականությանը ռացիոնալ բացատրություն գտնելը հեշտ չէ:

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ հայկական ղեկավարության ներկայիս մոտեցումը չպետք է զարմացնի՝ հաշվի առնելով նախկին փորձը: Քաղաքագետի գնահատմամբ՝ իշխանությունների դիվանագիտությունը հանգեցրել է 2020 թվականի պատերազմին, չնայած ուժերի հարաբերակցությունը և միջազգային իրավիճակը դեռևս դրա սկսվելուց առաջ մատնանշում էին Հայաստանի համար լուրջ ռիսկերի մասին:

«Շատ վերլուծաբաններ հստակ ասում էին այդ մասին: Հայկական իշխանություններին տեղեկություններ էին հասցնում այն մասին, թե դիվանագիտական ​​աջակցության ինչ մակարդակին նրանք կարող են ապավինել: Բայց նրանք որոշեցին անտեսել այս բոլոր նախազգուշացումները, այդ թվում՝ սեփական Գլխավոր շտաբի զեկույցն ու նախազգուշացումները»,- ասել է Գրիգորյանը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ որքան ավելի ակնհայտ էին դառնում ընտրված ուղղության վտանգավորությունն ու անհեռանկարայնությունը, հայկական ղեկավարությունը, ընդհակառակը, խստացնում էր իր քաղաքականությունը: