Քարացած ատամներն օգնել են գիտնականներին հայտնաբերել հնագույն կրծողների՝ նախկինում անհայտ տեսակ, որը մոտ 34 միլիոն տարի առաջ ապրել է ներկայիս Թաիլանդի տարածքում և կարող էր կշռել մինչև 30 կիլոգրամ։ Գտածոն վկայում է, որ հսկա կրծողներն էվոլյուցիայի պատմության ընթացքում ի հայտ են եկել ավելի վաղ և տարածված են եղել ավելի շատ տարածաշրջաններում, քան նախկինում ենթադրվում էր։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports գիտական հանդեսում։
Նոր տեսակը ստացել է Yakamys sirindhornae անվանումը։ Դրա մնացորդները հայտնաբերվել են Թաիլանդի հարավում՝ Կրաբի նահանգի ածխի հանքավայրում։ Դրանք ընդամենը երկու ատամ էին՝ սեղանատամ և կտրիչ, որոնք գտնվել էին 2004 թվականին։ Սակայն այն ժամանակ հետազոտողները բավարար տվյալներ չունեին՝ որոշելու համար, թե որ կենդանուն են դրանք պատկանել։ Նոր տեսակը հաջողվել է նույնականացնել միայն ավելի քան 20 տարի անց՝ քարացած մնացորդների մանրամասն ուսումնասիրության շնորհիվ։
Կենդանու չափերը գնահատելու համար գիտնականները կիրառել են ատամների չափերի հիման վրա մարմնի զանգվածը հաշվարկելու յոթ մեթոդ։ Ստացված գնահատականներով՝ Yakamys sirindhornae-ն կշռել է մոտ 30 կիլոգրամ՝ մոտավորապես երկու անգամ ավելի, քան այդ դարաշրջանի մյուս հայտնի կրծողները։
Համեմատության համար՝ ժամանակակից ամենախոշոր կրծողը ջրախոզուկը, որը բնակվում է Հարավային Ամերիկայում։ Սակայն հնագույն տեսակը պատկանել է անհետացած իշիրոմիիդների ընտանիքին՝ կրծողների վաղ շրջանի խոշոր խմբերից մեկին։
Մինչ այժմ առանձնապես խոշոր կրծողներն առաջին հերթին կապվում էին Հարավային Ամերիկայում էվոլյուցիայի ավելի ուշ փուլերի հետ։ Նոր գտածոն ցույց է տալիս, որ Հարավարևելյան Ասիան նույնպես կարևոր դեր է խաղացել այս կենդանիների հսկա ձևերի առաջացման վաղ պատմության մեջ։ Հետազոտողների կարծիքով՝ հայտնագործությունն ընդլայնում է պատկերացումներն այն մասին, թե որտեղ և երբ են կրծողները ձեռք բերել խոշոր չափեր։
Միաժամանակ գիտնականներն ընդգծում են, որ կենդանու զանգվածը հաշվարկվել է մոտավոր։ Երկու ատամի հիման վրա հնարավոր չէ հավաստիորեն վերականգնել նրա արտաքին տեսքը, սննդակարգը կամ վարքագիծը։ Դրա համար նոր գտածոներ կպահանջվեն։





























