«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2012 թ. Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իրականացնելու է  համայնքային կենտրոնների կառուցման ծրագիր: Այդ մասին, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր` մայիսի 30-ին, ասաց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը; Նրա խոսքով`  գյուղերում կառուցվելու են կենտրոններ, որտեղ լինելու է գյուղապետարան, բուժկետ, գրադարան, հանդիսությունների սրահ եւ համակարգչային սրահ: Հիշեցնենք, որ 2011 թ. վերջերին կազմակերպված հեռուստամարաթոնում «Հայաստան» հիմնադրամի համար հանգանակվել էր 20 մլն դոլար:

Ա. Վարդանյանը նշեց, որ 2011 թ. «Հայաստան» հիմնադրամն իրականացրել է ջրամատակարարման ծրագրեր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի 3 քաղաքներում եւ 12 գյուղերում: Սակայն մի շարք գյուղերում ջրամատակարարման ծրագրերը շարունակվում են, քանի որ մրցույթները կայացել են մեկ ամիս առաջ: Ա. Վարդանյանը հույս հայտնեց, որ ջրամատակարարման օգնություն ստացող գյուղերի քանակը կհասցվի 20-ի:

Նշենք, որ այսօր` մայիսի 30-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների 21-րդ նիստում Ա. Վարդանյանը վերընտրվեց հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի