Նորաստեղծ «Թեղուտի հանքի պաշտպաններ» հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիր նիստը կայացել է երեկ` մայիսի 29-ին, դատապարտում է բնապահպանների նկարահանած «Բնության հաշվեհարդար» ֆիլմը: «Թեղուտի հանքի պաշտպաններ» կազմակերպության նիստին մասնակցել են լոռեցի շուրջ 30 երիտասարդներ:
Նորաստեղծ կազմակերպության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Կազմակերպության նպատակն է կանխարգելել Թեղուտի հանքի վերաբերյալ հասարակությանը հրամցվող տեղեկատվությունը եւ ջրի երես հանել Թեղուտի հանքի շահագործման դեմ պայքարող երիտասարդների թիկունքում գտնվող ուժերին:
Որպես նորաաստեղծ կազմակերպության առաջին անելիք նպատակահարմար ենք գտնում հայտնել հասարակությանը, որ ինքնահռչակ կինոռեժիսոր Թեհմինե Ենոքյանի` վերջին օրերին համացանցում մեծ աղմուկ հանած «Բնության հաշվեհարդար» ֆիլմում Թեղուտի մասին տեղ գտած փաստերը, մեղմ ասած, հերյուրանքներ են: Կոչ ենք անում ֆիլմի ստեղծողներին ներողություն խնդրել լոռեցի երիտասարդներից գոյություն չունեցող փաստերն այդքան ամոթալի տեսքով, որպես ճշմարտություն, ներկայացնելու համար:
Հայտնում ենք, որ վերոնշյալ պահանջը չկատարելու դեպքում ստիպված կլինենք դիմել օրենքով չարգելված այլ միջոցների: Օգտվելով առիթից խորհուրդ ենք տալիս երեւանցի երիտասարդներին քիթները չմտցնել Լոռվա հարցերի մեջ եւ զբաղվել սեփական քաղաքի խնդիրներով:
Պահանջում ենք նաեւ շտապ ջնջել ֆիլմը համացանցից»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը, մայիսի 25-ի երեկոյան, Մաշտոցի պուրակում ներկայացրել էր «Բնության հաշվեհարդար» ֆիլմը:
Այն պատմում է հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերը խախտած մի շարք դեպքերի, պետական քաղաքականության բացակայության, օրենսդրական բացերի, մի շարք հիվանդությունների եւ դրանք բուժելու խնդիրների, գյուղացիների ֆինանսական վիճակի մասին:
«Հաջորդը կարող ես լինել դու: Կանխիր աղետը,փոխիր կարծրատիպերը, պաշտպանիր առողջ միջավայրում ապրելու քո իրավունքը»,-ասված է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ:











