ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը հակված չէ կարծելու, թե Սոչիի իրադարձությունների մեջ կա ինչ-որ մեկի չար կամքը: Իր կարծիքը քաղաքագետը հայտնել է մայիսի 30-ին  կայացած մամուլի ասուլիսում:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, վերջին շրջանում լարվածությունը մեծացել է Սոչիի հայերի եւ ժամանած դաղստանցիների ու չեչենների միջեւ: Ամսվա սկզբին զանգվածային ծեծկռտուքի ընթացքում սպանվել էր սպորտի վարպետ Յուրի Գարանյանը, իսկ օրերս ոստիկանությունը կանխել էր եւս մեկ ծեծկռտուք` ձերբակալելով մոտ 200 մարդու: Տեղացիները դժգոհում են ժամանածների լկտի պահվածքից:

«Ես ինձ սոչեցի եմ համարում եւ տեղյակ եմ իրադարձություններից»,- ասել է Զատուլինը` հավելելով, որ Ադլերում հայերը բնակչության մոտ կեսն են կազմում: Զատուլինը կարծիք է հայտնել, որ ոչ բոլոր շինարարական խմբերն են նորմալ հավաքագրված, իսկ զանգվածային շինարարությունը բարդություններ է առաջացնում տեղացիների համար: «Չեմ կարծում, որ չար կամքն է իրար բախում բանվորներին եւ տեղացիներին»,- ասել է նա: