Հնագետները ներկայիս Սաուդյան Արաբիայի տարածքում հայտնաբերել են քարե գործիքներ, որոնց վրա պահպանվել են թունավոր բույսի հետ կապված նյութերի հետքեր։ Գտածոները կարող են վկայել այն մասին, որ հնագույն մարդիկ որսի համար թունավորված զենք են օգտագործել դեռևս մոտ 125 հազար տարի առաջ։ Եթե ենթադրությունը հաստատվի, սա կլինի որսորդական թունավորված գործիքների կիրառման ամենավաղ հայտնի վկայությունը։
Հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում։ Գիտնականներն ուսումնասիրել են Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող Ուրուկ ալ Ջալիբա հնավայրը։ Այսօր այդ տարածքը գտնվում է աշխարհի ամենաշոգ և չորային անապատներից մեկի՝ Ռուբ էլ Խալիի սահմաններում։

Սակայն մոտ 125 հազար տարի առաջ այստեղ եղել է քաղցրահամ լիճ՝ շուրջ 340 քառակուսի կիլոմետր մակերեսով և 29 մետր խորությամբ։
Բրածո մնացորդների հիման վրա հետազոտողները պարզել են, որ լճի շրջակայքն աչքի է ընկել հարուստ կենդանական և բուսական աշխարհով։ Այստեղ բնակվել են գետաձիեր, գոմեշներ, ջայլամներ, ուղտեր, վիթեր և օրիքսներ, ինչպես նաև աճել են արմավենիներ, ծառեր ու թփեր։ Հնագույն մարդիկ այս պաշարներն օգտագործել են սնունդ հայթայթելու և այլ կարիքների համար։
Հնավայրում հայտնաբերել են ավելի քան 5,5 հազար քարե արտեֆակտ, ինչպես նաև բուսական նյութերի՝ մանրաթելերի, խեժի և փայտի լավ պահպանված մնացորդներ։ Որոշ քարե ծայրակալներ ունեցել են խոշոր կենդանիների որսին բնորոշ վնասվածքներ։ Մանրադիտակով դրանց ծայրերին հայտնաբերել են նաև կենդանական հյուսվածքի հետքեր։ Գործիքների տեղադրությունը համընկել է ոսկորների կուտակման հատվածների հետ, ինչը վկայում է, որ ափամերձ գոտին օգտագործվել է որսի և որսամսի մասնատման համար։
Առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացրել մի քանի քարե ծայրակալների վրա հայտնաբերված քիմիական մնացորդները։ Դրանք կապված էին Acokanthera schimperi թունավոր բույսի հետ, որն աճում է Արևելյան և Կենտրոնական Աֆրիկայում, ինչպես նաև Արաբական թերակղզու հարավում։ Պատմականորեն աֆրիկացի որսորդներն այս բույսի էքստրակտն օգտագործել են նետերի և նիզակների ծայրակալները մշակելու համար. դրանում պարունակվող թույները կարող են կաթվածահար անել կամ սպանել կենդանուն։
«125 հազար տարվա վաղեմություն ունեցող այս գտածոները զգալիորեն ավելի հին են, քան Հարավային Աֆրիկայում վերջերս հայտնաբերված՝ թույնի մնացորդներով նետերի ծայրակալները, որոնք մոտ 60 հազար տարեկան են»,– պատմել է հետազոտության համահեղինակ, Գերմանիայի Մաքս Պլանկի ընկերության Երկրամարդաբանության ինստիտուտի և Ավստրալիայի Գրիֆիթի համալսարանի հնագետ Քրիս Քլարքսոնը։
Այդուհանդերձ, հետազոտողներն ընդգծել են, որ դեռ չեն պարզել, թե հնագույն որսորդներն ինչպես էին պատրաստում թույնը, և որքանով էր այն արդյունավետ։
Բաց է մնում նաև այն հարցը, թե ինչպես էին որսորդները խուսափում թունավորումից որսը որպես սնունդ օգտագործելիս։ Քլարքսոնի խոսքով՝ թույնի ազդեցությունը կախված է նյութից, չափաբաժնից և օրգանիզմ ներթափանցելու եղանակից։ Անմիջապես վերքի մեջ ներմուծված թույնը կուլ տալու դեպքում պարտադիր չէ, որ նույն ազդեցությունն ունենա։ Պատմական ժամանակներում որսորդները երբեմն հեռացնում էին վերքի շուրջ եղած միսը՝ նախքան կենդանու մնացած միսն ուտելը։
Գտածոն նաև թույլ է տալիս նորովի դիտարկել հնագույն մարդկանց տեխնոլոգիական կարողությունները։ Նրանք ոչ միայն քարե գործիքներ էին պատրաստում, այլև կարող էին քարը համադրել փայտի, բուսական մանրաթելերի, խեժերի և, հնարավոր է, թունավոր նյութերի հետ՝ ստեղծելով բարդ գործիքներ ու զենքեր։
Արաբական թերակղզին գտնվում է Աֆրիկայի և Ասիայի միջև և կարևոր դեր է խաղացել մարդկանց տարածման գործում։ Խոնավության բարձրացման ժամանակաշրջաններում դրա այսօր չորային տարածքները վերածվում էին կյանքի համար պիտանի լանդշաֆտների, որոնք կապում էին երկու մայրցամաքները։ Հնավայրի տարիքը համահունչ է այդ ժամանակաշրջանում Հարավարևմտյան Ասիայում Homo sapiens-ի ներկայության մասին հայտնի վկայություններին։ Միևնույն ժամանակ, հնավայրում մարդկային մնացորդներ առայժմ չեն հայտնաբերվել։





























