Լավ զրույցը կախված է ոչ միայն այն թեմաներից, որոնք քննարկում են զրուցակիցները, այլև նրանից, թե ինչպես են նրանք արձագանքում միմյանց խոսքերին և մի մտքից անցնում մյուսին։ ԱՄՆ Դարթմութի քոլեջի հետազոտողները պարզել են, որ հաճելի զրույցները հաճախ ենթարկվում են որոշակի ռիթմի, որը կարելի է նկարագրել «վարդագույն աղմուկ» անունով հայտնի մաթեմատիկական օրինաչափության միջոցով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։

Նախկինում գիտնականները հիմնականում ուսումնասիրում էին, թե որքանով են համընկնում զրուցակիցների բառերը, մտքերն ու հետաքրքրությունները։ Սակայն նոր աշխատանքի հեղինակները որոշել են կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես է փոխվում զրույցի ընթացքը մի խոսքից մյուսին անցնելիս։

Վարդագույն աղմուկն այս դեպքում կապ չունի լսելի ձայնի հետ։ Այն մաթեմատիկական օրինաչափություն է, որը նկարագրում է տարբեր ժամանակային մասշտաբներում տեղի ունեցող փոփոխությունները։ Զրույցի դեպքում այն արտացոլում է արդեն քննարկվող թեմայի զարգացման և նոր մտքերի ի հայտ գալու միջև հավասարակշռությունը։ Զրուցակիցները կարծես մնում են նույն ալիքի վրա, բայց միաժամանակ անընդհատ չեն կրկնում նույն բանը և չեն կորցնում զրույցի թելը։

Այս վարկածը ստուգելու համար հետազոտողներ Քեթրին Օ'Նելը, Էմիլի Ֆինն ու Կիարա Լ. Սանչեսը համակարգչային մոդելի օգնությամբ վերլուծել են հազարավոր իրական զրույցներ։ Ընտրանքում ընդգրկվել են անծանոթ մարդկանց միջև ավելի քան 1 600 տեսազանգ, ընկերների զրույցներ, արագ ժամադրությունների ձևաչափով հանդիպումներ և երկու հաղորդավարով հանրային փոդքասթներ։

Զրույցների վերծանումները վերլուծելու համար հետազոտողներն օգտագործել են արհեստական բանականության MPNet լեզվային մոդելը։ Այն յուրաքանչյուր խոսքի իմաստը վերածում էր թվային ներկայացման, ինչի շնորհիվ գիտնականները կարողանում էին գնահատել, թե որքանով է մի մարդու ասածի բովանդակությունը կապված մյուսի հաջորդող պատասխանի հետ։

Այնուհետև հետազոտողները հետևել են, թե ինչպես է զրույցի ընթացքում փոխվել զրուցակիցների խոսքերի իմաստային նմանությունը, և ստուգել՝ արդյոք բացահայտված օրինաչափությունները կապված են այն բանի հետ, թե մարդիկ որքան հաճելի են համարել զրույցը և որքան մտերմություն են զգացել միմյանց հանդեպ։

Science Advances ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ վարդագույն աղմուկի ավելի ընդգծված պատկեր ունեցող զրույցները, որպես կանոն, ավելի մեծ հաճույք են պատճառել մասնակիցներին։ Թեև կապը համեմատաբար թույլ է եղել, այն նկատվել է ինչպես անծանոթների, այնպես էլ ընկերների զրույցներում։

Արագ ժամադրությունների վերլուծությունը ևս հետաքրքիր օրինաչափություն է բացահայտել. այն զույգերի զրույցներում, որոնց երկու մասնակիցներն էլ ցանկացել են կրկին հանդիպել, վարդագույն աղմուկի պատկերն ավելի ընդգծված է եղել, քան այն զույգերի դեպքում, որոնց միջև փոխադարձ հետաքրքրություն չի առաջացել։

Նման միտում է հայտնաբերվել նաև փոդքասթների ուսումնասիրության ժամանակ։ Հաղորդավարների զրույցներում այդ օրինաչափությունը ժամանակի ընթացքում ավելի ընդգծված է դարձել, մասնավորապես՝ համատեղ աշխատանքի առաջին 50 թողարկումների ընթացքում։

Հեղինակների կարծիքով՝ արդյունքները վկայում են, որ զրույցի որակը որոշվում է ոչ միայն դրա բովանդակությամբ, այլև փոխազդեցության դինամիկայով։ Հետաքրքիր զրույցը կարող է պահանջել հավասարակշռություն ծանոթ մտքերի և անսպասելի շրջադարձերի միջև, երբ մասնակիցները միաժամանակ հասկանում են միմյանց և քննարկման նոր ուղղություններ բացահայտում։

Միաժամանակ, հետազոտողներն ընդգծել են, որ աշխատանքը բացահայտում է միայն փոխկապակցվածություն, այլ ոչ թե ապացուցում է պատճառահետևանքային մեխանիզմ։ Առայժմ չի կարելի պնդել, որ հենց վարդագույն աղմուկն է զրույցն ավելի հաճելի դարձնում. հնարավոր է՝ այն առաջանում է որպես մարդկանց միջև փոխադարձ հետաքրքրության և լավ կապի հետևանք։