ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Գերագույն դատարանից պահանջում է լրացուցիչ սահմանափակումներ մտցնել դաշնային դատավորների այն լիազորությունների նկատմամբ, որոնք նրանց թույլ են տալիս չեղարկել պետական գերատեսչությունների անօրինական որոշումները, հայտնել է Reuters-ը։
Եթե դատարանը հավանություն տա այս նախաձեռնությանը, իշխանությունների համար ավելի հեշտ կլինի շարունակել կիրառել վիճահարույց կանոնները նույնիսկ այն բանից հետո, երբ դատավորները դրանք անօրինական ճանաչեն՝ առնվազն բոլորի նկատմամբ, բացի տվյալ գործով հայցվորներից։
ԱՄՆ արդարադատության նախարարության բողոքը վերաբերում է 1946 թվականի «Վարչական ընթացակարգի մասին» օրենքով (APA) նախատեսված՝ վաղուց գործող մեխանիզմին։ Այդ օրենքը կարգավորում է դաշնային գերատեսչությունների աշխատանքը, այդ թվում՝ նորմատիվ ակտերի ընդունումն ու կիրառումը։
Տասնամյակներ շարունակ դատարաններն այս օրենքն օգտագործել են գերատեսչությունների՝ անօրինական ճանաչված կանոններն ավելի լայն շրջանակով չեղարկելու համար, այլ ոչ թե միայն դատարան դիմած անձանց նկատմամբ։
Այժմ Թրամփի վարչակազմը պնդում է, որ դատարանները չպետք է այդքան լայն լիազորություններ ունենան։ Նրա դիրքորոշմամբ՝ դատական պաշտպանությունը պետք է տարածվի միայն գործին մասնակցող կոնկրետ հայցվորների վրա, այլ ոչ թե հանգեցնի վիճահարույց կանոնի չեղարկմանն ամբողջ երկրում։
Վիրջինիայի համալսարանի վարչական իրավունքի փորձագետ Ադիտյա Բամզայը կարծում է, որ վարչակազմի հաղթանակը դաշնային իշխանություններին թույլ կտա շարունակել նորմատիվ ակտերը կիրառել քաղաքացիների և կազմակերպությունների մեծ մասի նկատմամբ նույնիսկ դրանք անօրինական ճանաչելուց հետո։ Նման իրավիճակը կարող է պահպանվել տարիներ շարունակ, քանի դեռ դատական քննությունները շարունակվում են։
Նոր դատական վեճը նախագահական իշխանության նկատմամբ դատական սահմանափակումների դեմ Սպիտակ տան ավելի լայն արշավի մի մասն է։ 2025 թվականի հունվարին Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո նրա վարչակազմը բախվել է հարյուրավոր հայցերի, որոնցով վիճարկվում են ներգաղթային քաղաքականության խստացմանն ու զանգվածային արտաքսումներին, բազմազանության աջակցության ծրագրերի վերացմանը, ինչպես նաև տրանսգենդեր անձանց իրավունքների սահմանափակմանն ուղղված միջոցառումները։
2025 թվականի հունիսին Գերագույն դատարանն արդեն աջակցել էր Թրամփին դատավորների լիազորությունների վերաբերյալ մեկ այլ վեճում՝ սահմանափակելով համազգային դատական արգելքներ սահմանելու հնարավորությունը, որոնք խոչընդոտում են կառավարության քաղաքականության կիրառմանը բոլոր քաղաքացիների, այլ ոչ միայն հայցվորների նկատմամբ։
Այդ որոշումը վերաբերում էր ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքը սահմանափակելու վարչակազմի փորձին, սակայն ինքնին չէր որոշում այդ նախաձեռնության օրինականությունը։ Առանձին որոշմամբ դատավորները վեց կողմ և երեք դեմ ձայներով հակասահմանադրական ճանաչեցին ծննդյան իրավունքով քաղաքացիության վերաբերյալ Թրամփի քաղաքականությունը։
Ներկայիս վեճը ծագել է այն բանից հետո, երբ Տեխասի բժշկական կազմակերպությունները վիճարկել են Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում ընդունված օրենքի կիրարկման նպատակով սահմանված դաշնային կանոնները։ Օրենքն ուղղված էր պացիենտներին ապահովագրողի ցանցում չընդգրկված հիվանդանոցների և բուժծառայություններ մատուցողների ծառայությունների դիմաց անսպասելի բժշկական հաշիվներից պաշտպանելուն։ Հայցվորները պնդում էին, որ կանոնները խախտում են «Վարչական ընթացակարգի մասին» օրենքը և արհեստականորեն նվազեցնում ապահովագրական վճարումների չափերը։
Օգոստոսին ԱՄՆ հինգերորդ շրջանի վերաքննիչ դատարանը, արձանագրելով APA-ի խախտում, կանոնների մի մասը չեղարկեց երկրի ամբողջ տարածքում։ Սակայն վարչակազմի ներկայիս բողոքը վիճարկում է ոչ թե կոնկրետ դրույթների անօրինականության վերաբերյալ դատարանի եզրակացությունը, այլ նորմատիվ ակտերը համազգային մակարդակով չեղարկելու համար այս օրենքը կիրառելու բուն հնարավորությունը։
Գործող մոտեցման կողմնակիցներն այն համարում են գործադիր իշխանությանը զսպելու կարևոր մեխանիզմ։ Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Ռոնալդ Լևինը նշել է, որ որոշ կանոններ ողջամիտ չէ կիրառել միայն շուկայի առանձին մասնակիցների նկատմամբ։ Որպես օրինակ նա բերել է սննդամթերքի անվտանգության և ավտոմեքենաների արտադրության պահանջները։
Դատական լիազորությունների սահմանափակմանը դեմ են արտահայտվել նույնիսկ հանրապետականների կառավարման ներքո գտնվող որոշ նահանգների իշխանություններ։ Տեխասը, Ֆլորիդան և այլ նահանգներ նախազգուշացրել են, որ «Վարչական ընթացակարգի մասին» օրենքի թուլացումը կխաթարի դաշնային գերատեսչությունների կողմից լիազորությունների գերազանցումը զսպելու և նահանգների ինքնիշխանությունը պաշտպանելու դրա կարողությունը։
Ակնկալվում է, որ Գերագույն դատարանը հաջորդ տարվա սկզբին կորոշի՝ քննե՞լ արդյոք Թրամփի վարչակազմի բողոքը։





























