Կանադացի հինգերորդ զինծառայողն է մահացել հոկտեմբերի ուսումնավարժական պարապմունքների ժամանակ ռազմակայանի տարածքն ընդգրկած տափաստանային հրդեհի հետևանքով ստացած վնասվածքներից, հայտնում է երկրի զինված ուժերի մամուլի ծառայությունը։
Շարքային Ուիլյամ Դուգլաս Դալ Բյանկոն մահացել է նոյեմբերի 13-ին Օնտարիո նահանգի հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժվում էր հոկտեմբերի 17-ին Ալբերտա նահանգի Ուեյնրայթ կանադական ռազմակայանում տեղի ունեցած միջադեպից հետո։ Նա ծառայում էր արքայադուստր Պատրիսիայի թեթև հետևակային գնդի 3-րդ գումարտակում։
Հրդեհը բռնկվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունների ժամանակ։ 84 զինծառայող էր մասնակցում վարժանքին, երբ ուժեղ քամին այրվող խոտածածկույթի բոցերն ուղղել է դեպի զինվորականներն ու ստորաբաժանման վարչական գոտին։
Կանադայի զինվորականների տվյալներով, միջադեպի հետևանքով տուժել է 38 մարդ, որոնցից հինգը հետագայում մահացել են։
Նոյեմբերի 14-ի դրությամբ ևս 24 զինծառայող շարունակում էր մնալ հիվանդանոցներում, հայտնել են Կանադայի ազգային պաշտպանության նախարարությունից։
Ողբերգության հանգամանքները հետաքննում են ռազմական ոստիկանությունն ու հատուկ հանձնաժողովը։ Global News-ի տվյալներով,՝ զինվորականները գիտեին մոտակայքում բռնկված հրդեհի մասին, սակայն սկզբում այն զորավարժությունների համար սպառնալիք չէին համարում։ Քննությունը պետք է պարզի միջադեպի պատճառները և որոշի այն միջոցառումները, որոնք կօգնեն ապագայում կանխել նման ողբերգությունները։
Կանադայի ռազմակայանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր և տուժածներ





























