Հարավաֆրիկյան Հանրապետության Վիտվատերսրանդի համալսարանի գիտնականները հայտնաբերել են դինոզավրերի նոր տեսակ, որն ապրել է մոտ 200 մլն տարի առաջ։ Դինոզավրը ստացել է Nyana rooiwalnesis անվանումը և, դատելով բրածո մնացորդներից, մոտ երկու տարեկանում կշռել է շուրջ 400 կգ։ Հետագայում նա կարող էր հասնել մի քանի տոննա քաշի։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Royal Society Open Science ամսագրում։
Nyana-ն պատկանում է զաուրոպոդոմորֆների խմբին՝ հիմնականում բուսակեր դինոզավրերի, որոնց վաղ ներկայացուցիչները տեղաշարժվում էին երկու ոտքով։ Հետագայում այս խմբից առաջացել են հսկա երկարապարանոց դինոզավրերը, ինչպիսիք են բրախիոզավրերն ու դիպլոդոկները, որոնք դարձել են Երկրի պատմության խոշորագույն ցամաքային կենդանիներից։
Բրածո մնացորդները հայտնաբերվել են 2018 թվականին՝ Արևելյան Քեյփ նահանգի Խեմեգխա գյուղի մոտակայքում։ Գտածոն թվագրվում է ուշ տրիասյան ժամանակաշրջանով, երբ վաղ դինոզավրերը դեռ ակտիվորեն էվոլյուցիայի էին ենթարկվում։ Հետազոտողներին հաջողվել է հայտնաբերել գանգի բեկորներ, ինչը հազվադեպ գտածո է այդ ժամանակաշրջանի և Աֆրիկայի հարավային այդ շրջանի համար։
Գանգի երկարությունը կազմել է 21,3 սմ։ Չնայած ոչ ամբողջական պահպանվածությանը՝ մնացորդները ներառել են գրեթե ամբողջական գանգատուփը, քիմքը և ենթալեզվային ոսկորը։ Դրանց կառուցվածքն ուսումնասիրելու համար գիտնականներն օգտագործել են Եվրոպական սինքրոտրոնային ճառագայթման կենտրոնի հզոր ռենտգենյան ճառագայթումը և ստեղծել մանրամասն եռաչափ մոդելներ։
Դինոզավրի տարիքն ու աճի առանձնահատկությունները հետազոտողները որոշել են վերջույթների ոսկրերի բարակ կտրվածքների միջոցով։ Դրանց վրա հայտնաբերել են աճի երկու գիծ, որոնք նման են ծառերի տարեկան օղակներին։ Սա վկայում է, որ կենդանին կյանքի երրորդ տարում էր։ Ընդ որում, նրա կմախքը դեռ զարգանում էր։
Գիտնականների գնահատմամբ, Nyana-ն մոտ չորս անգամ ավելի խոշոր էր, քան համադրելի տարիքի Massospondylus և Mussaurus դինոզավրերը։ Սա նրան դարձնում է այդ դարաշրջանից հայտնի ամենախոշոր երիտասարդ դինոզավրերից մեկը։
Գտածոն լույս է սփռում հսկաների էվոլյուցիայի վրա։ Հետազոտողները ենթադրում են, որ արագ աճելու ունակությունը զաուրոպոդոմորֆների մոտ ի հայտ է եկել դեռևս հսկա ձևերի առաջացումից առաջ։
Ֆիլոգենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ Nyana-ն կարող էր լինել Հյուսիսային Ամերիկայում հայտնաբերված Sarahsaurus-ի կամ հարավաֆրիկյան Ngwevu-ի մերձավոր ազգակիցը։ Եթե Sarahsaurus-ի հետ ազգակցական կապը հաստատվի, գտածոն կօգնի պարզել Աֆրիկայի հարավի և Հյուսիսային Ամերիկայի արևմտյան մասի զաուրոպոդոմորֆների միջև էվոլյուցիոն կապը։





























