Գիտնականները պարզել են, որ տարբեր մշակույթների ներկայացուցիչները կարող են տարբեր կերպ տեսնել արվեստի միևնույն ստեղծագործությունները, նույնիսկ եթե առանձին մանրամասներին մոտավորապես նույնքան ժամանակ են հատկացնում։ Այս մասին է վկայում Սուդանի հյուսիսում գտնվող Հին Դոնգոլա հնագույն քաղաքի միջնադարյան որմնանկարների ուսումնասիրությունը, գրում է The Conversation-ը։

Միջնադարում Հին Դոնգոլան Մակուրիա քրիստոնեական թագավորության մայրաքաղաքն էր։ Թեև պետության անկումից անցել է գրեթե 700 տարի, ավազների տակ պահպանվել են միջնադարյան շինություններ, այդ թվում՝ եկեղեցիներ և վանքեր։ Դրանց պատերին մինչև օրս կարելի է տեսնել հրեշտակապետերի, աստվածաշնչյան տեսարանների, տեղական տիրակալների և ազնվականների պատկերներ։

Հոգեբանների, ճանաչողական գիտությունների մասնագետների, հնագետների և ժառանգության պահպանության փորձագետների միջազգային խումբը որոշել է պարզել, թե մշակութային պատկանելությունն ինչպես է ազդում այս պատկերների ընկալման վրա։ Այդ նպատակով հետազոտողները փորձ են անցկացրել Հին Դոնգոլայի Կոմ-Խ հնագիտական տեղամասում գտնվող միջնադարյան վանքում։

Հետազոտությանը մասնակցել են հնագույն քաղաքի շրջակայքում բնակվող Սուդանի 48 բնակիչ և արևմտյան երկրներից 19 մարդ։ Մասնակիցների տարիքը 18-ից 68 էր։ Նրանց մեծ մասը Նուբիայի քրիստոնեական արվեստի մասին սահմանափակ կամ միջին մակարդակի գիտելիքներ ուներ։ Շատերի համար վանք այցելությունն այս հուշարձանի հետ առաջին ծանոթությունն էր։

Մասնակիցներին առաջարկել են որմնանկարները դիտել թանգարանային ցուցադրության նման։ Աչքերի շարժումներին հետևելու համակարգով հագեցած հատուկ ակնոցների միջոցով գիտնականներն արձանագրել են, թե մարդիկ նկարների որ տարրերին են նայում, որքան ժամանակ են հայացքը պահում դրանց վրա և ինչ հերթականությամբ են մի մանրամասից անցնում մյուսին։

Հետազոտողները վերլուծել են տարրերի չորս խումբ՝ դեմքերը, մարմինները, կերպարներին բնորոշ առարկաները, օրինակ՝ Պետրոս առաքյալի ձեռքի բանալին կամ առաքյալների մոտ պատկերված գալարները, ինչպես նաև ընդհանուր համատեքստը՝ ներառյալ ֆոնը, արձանագրություններն ու աստվածաշնչյան տեսարանների միջավայրը։

Պարզվել է, որ սուդանցի և արևմտյան երկրներից մասնակիցները նկարները դիտելու տարբեր ռազմավարություններ են կիրառել։ Փորձի սկզբում սուդանցիներն ավելի հաճախ ուշադրություն են դարձրել պատկերված կերպարների առարկաներին և այլ բնորոշ տարրերին, ապա անցել են դեմքերին և ուսումնասիրել շրջապատող համատեքստը։ Արևմտյան երկրներից մասնակիցները սկզբում հիմնականում դիտել են մարմինները, որից հետո հայացքն ուղղել են դեմքերին և կերպարներին բնորոշ առարկաներին։ Առաջին 20 վայրկյանում նրանք ավելի քիչ ուշադրություն են դարձրել ֆոնին և ընդհանուր միջավայրին։

Ընդ որում, երկու խմբերի՝ դեմքերի, մարմինների, կերպարներին բնորոշ առարկաների և համատեքստի ուսումնասիրությանը հատկացրած ընդհանուր ժամանակը մոտավորապես նույնն է եղել։ Այսպիսով, դիտման տևողության առումով նույն արդյունքներին կարելի էր հասնել տարբեր ուղիներով։

Հետազոտողների կարծիքով, այս տարբերությունները կարող են կապված լինել մշակութային փորձառության և այն բանի հետ, թե որ մանրամասներն են մարդկանց առավել նշանակալի թվում։ Փորձից հետո զրույցներում սուդանցի մասնակիցները հաճախ հիշատակել են առօրյա կյանքից իրենց ծանոթ առարկաներ, օրինակ՝ բանալիներ։ Իսկ քրիստոնեական պատկերագրությանը ծանոթ արևմտյան երկրների ներկայացուցիչները, հակառակը, կարող էին աստվածաշնչյան կերպարներին ավելի արագ ճանաչել դեմքերով։

Հեղինակներն ընդգծում են, որ արդյունքները պետք է դիտարկել՝ հաշվի առնելով ընտրանքի առանձնահատկությունները. արևմտյան մասնակիցների շրջանում ավելի շատ էին բարձրագույն կրթություն և մշակութային ժառանգության ոլորտում աշխատանքի փորձ ունեցող մարդիկ։

Հետազոտողները կարծում են, որ նման դիտարկումները կարող են օգնել պատմական հուշարձանների ներկայացումն ավելի մատչելի դարձնել տարբեր մշակութային փորձառություն ունեցող այցելուների համար։ Օրինակ՝ եթե որոշ առարկաներ ավելի շատ են գրավում տեղի բնակիչների ուշադրությունը, որմնանկարի հետ ծանոթությունը կարելի է սկսել հենց դրանցից։

Հեղինակների կարծիքով, նման մոտեցումը թույլ կտա հրաժարվել անցյալի՝ նախապես սահմանված միակ մեկնաբանությունից և հաշվի առնել, թե տարբեր կենսափորձ ունեցող մարդիկ ինչպես են ընկալում մշակութային ժառանգությունը։