Հակառակորդի արձակած կրակոցից, այսօր` հունիսի 1-ին, ժամը 7.00- ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 52-ամյա Վաչիկ Մելքումյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը:
Գյուղապետը փոխանցեց, որ տուժողը գնացել է իրեն պատկանող խաղողի այգում գործ անելու եւ հայտնվել հակառակորդի կրակի տակ: Այդ պահին այգում այլ մարդիկ չեն եղել
Նա չհիշեց, թե մինչ այդ դեպքը, էլ երբ է կրակոց հնչել. «Ընդհանուր առմամբ, մեր գյուղը նշանառության տակ է, հետեւաբար կդժվարնամ ասել, թե երբ են նախկինում կրակել: Մենք ապրում ենք սահմանին եւ ամեն օր էլ սահմանում վտանգ կա»,-ասաց գյուղապետը, հավելելով, որ տուժողի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:
Նշենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, հունիսի 1-ին, ժամը 8.15-ին, Բերդի հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 52-ամյա Վ. Մելքումյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մելքումյանը նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 7.00-ի սահմաններում, նշված գյուղի խաղողի այգում աշխատելիս` ադրբեջանական հենակետից արձակված կրակոցից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:




























