Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակում Երեւանում տեղի է ունեցել «Զբաղվածության եւ սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության եւ երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության եւ աուդիովիզուալ քաղաքականության, գիտության եւ տեխնոլոգիաների հարցերով» համագործակցության ենթակոմիտեի անդրանիկ նիստը:
Հայկական կողմից նիստը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, իսկ ԵՄ կողմից` խմբի ղեկավար, Հարավային Կովկասի երկրների հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունների համակարգող Չեզարե դե Մոնտիսը:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նիստին մասնակցել են Հայաստանի ԿԳՆ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, մշակույթի, երիտասարդության, առողջապահության, էկոնոմիկայի նախարարությունների եւ մի շարք այլ մարմինների պատասխանատուներ, որոնք ներկայացրել են Հայաստանում տեղ գտած վերջին զարգացումները, բարեփոխումների ընթացքը եւ հայկական կողմի սպասելիքները:
Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաները իրենց հերթին ներկայացրել են ԵՄ քաղաքականության, երկկողմ եւ բազմակողմ ծրագրերի շրջանակներում համագործակցության նոր հնարավորությունները եւ գործիքները: Նիստի ընթացքում ներկայացվել են Էրազմուս Մունդուս, Ժան Մոնե գիտակրթական ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նորությունների, տեղեկատվական հասարակության, սոցիալական քաղաքականության, առողջապահության եւ մի շարք այլ բնագավառներում համագործակցությանը:




























