Ամերիկյան դոլարի փոխարժեքը հայկական ֆինանսական շուկայում շարունակում է իր հաղթարշավը: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունիսի 4-ին, դոլարի միջին փոխարժեքը կրկին բարձրացել է` կազմելով  408.73 դրամ: Նախորդ` հունիսի 1-ի գործարքների համեմատ դոլարը արժեւորվել է 0.31%-ով կամ 1.18 կետով:

Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 1.2 մլն դոլար: Նշենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը բորսայում վաճառել է 7 մլն դոլար, սակայն կայունացնել փոխարժեքը չի հաջողվել: Մայիսի 6-ից հետո, երբ շուկայում սկսվեց դոլարի արժեւորումը, ԿԲ-ն արդեն 50 մլն դոլարից ավելի ինտերվենցիա է իրականացրել, սակայն առավելագույնը, ինչին կարողացել է հասնել` դոլարի փոխարժեքի կտրուկ աճի որոշ մեղմումն է:

Կանխիկ արտարժույթի շուկայում ամերիկյան դոլարը գնվում է 408 դրամով, վաճառվում նվազագույնը 410 դրամով: