Մեկնարկել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության պաշտոնական այցը Բելգիայի թագավորություն: Վարչապետը նախ այցելել է Լուվեն քաղաքում տեղակայված Այ Բի Էյ (IBA) մոլեկուլյար ընկերություն, որը գործունեություն է ծավալում միջուկային բժշկության ոլորտում եւ զբաղվում է այդ բնագավառի սարքավորումների արտադրությամբ: Այ Բի Էյ (IBA)  ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Պիեր Մոտեի ուղեկցությամբ Տիգրան Սարգսյանը շրջայց է կատարել ընկերությունում` ծանոթացել արտադրական գործընթացներին:

Վարչապետի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Այ Բի Էյ (IBA) ընկերության միջեւ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ Այ Բի Էյ (IBA) ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Պիեր Մոտեն:

Համագործակցության արդյունքում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախաձեռնությամբ Երեւանում հիմնվող ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոնին մինչ 2013 թվականի փետրվարի մեկը կմատակարարվեն 2,5 մլն եվրոյի համապատասխան սարքավորումներ եւ կիրականացվի տեխնիկական աջակցություն:

Գերժամանակակից կենտրոնը հիմնվում է Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) եւ բելգիական «Global Medical Solutions» ընկերության միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում եւ կողմերի համագործակցությամբ: Կենտրոնի համալիրն իր մեջ ներառում է տեխիկական բարձր հագեցվածությամբ երեք բաժանմունք. լաբորատորիա՝ ռադիոիզոտոպների սինթեզման «Ցիկլոտրոն» սարքով, ախտորոշման կենտրոն՝ Հայաստանում նախատիպը չունեցող PET նորագույն սկաներով, որը հնարավորություն է տալիս օրգանիզմում հայտնաբերել դեռեւս սաղմնային վիճակում գտնվող ուռուցքը, եւ կլինիկա, որտեղ իրականացվելու է այդ նույն ռադիոիզոտոպներով բուժումը:

Կենտրոնում հնարավոր կլինի արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ վաղօրոք հայտնաբերել ուռուցքային գոյացությունները, ինչը կնպաստի օնկոլոգիական հիվանդությունների բուժման արդյունավետությանը եւ մահացությունների նվազմանը: Այն նաեւ հնարավորություն կտա յուրաքանչյուր հիվանդի համար ընտրել բուժման կոնկրետ եղանակ եւ կխթանի Հայաստանում միջուկային բժշկության զարգացմանը:

Կենտրոնի կառավարումը վստահվել է Global Medical Solutions ընկերությանը, քանի որ նա այս բնագավառում ունի միջազգային մեծ փորձ: GMS-ի գլխավորությամբ նման կենտրոններ են գործում Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Հոնգկոնգում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում, Թայվանում եւ Թաիլանդում:

Ուռուցքաբանական կենտրոնի ծրագիրն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցությամբ: Ծրագիրը գնահատվում է 35 մլն եվրո:

Վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր տարի չարորակ նորագոյացությունների հիվանդություններից Հանրապետությունում հաշմանդամ է դառնում շուրջ 2 հազար 700 մարդ: Այդ առումով տարեկան տնտեսական վնասը գերազանցում է 75 մլն դրամը: Հիվանդացության ցուցանիշների աճի նման տեմպերի պահպանման պարագայում այդ թիվը տարեցտարի կկրկնապատկվի: Եթե 100 հազ. բնակչության հաշվարկով 1995 թվականին այդ թիվը կազմում էր 125 դեպք, իսկ 2000թ.`185 դեպք, ապա այսօր այն հասել է շուրջ 235 դեպքի:

Նախատեսվում է, որ օրվա երկրորդ կեսին Տիգրան Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում (CEPS): Այցի ընթացքում նախատեսված է հանդիպումը Եվրոպական Ժողովրդական Կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ուիլֆրիդ Մարթենզի հետ՝ կուսակցության կենտրոնակայանում, ինչպես նաեւ մասնակցություն ԵԺԿ քաղաքական խորհրդաժողովին:

Պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը: