ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վրաստան այցելության ընթացքում չի հանդիպի «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիզինա Իվանիշվիլիի հետ: Այսօր` հունիսի 5-ին, «Վրացական երազանք»-ի մամուլի խոսնակ Մայա Փանջիկիձեն հայտնել է, որ Հիլարի Քլինթոնի` Վրաստանի ընդդիմության հետ հանդիպման ժամանակ կոալիցիան կներկայացնեն «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդ Մանան Կոբախիձեն եւ Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին, ինչպես նաեւ «Ազատ դեմոկրատների» առաջնորդներից Թեա Ծուլուկիանին:
Առանձին Քլինթոն-Իվանիշվիլի հանդիպում կազմակերպել չի հաջողվել, իսկ որպես օտար երկրի քաղաքացի Իվանիշվիլիի քաղաքական գործունեությունը սահմանափակված է, հաղորդում է «Վզգլյադը»:
«Մեր ներկայացուցիչները Քլինթոնին կհասցնեն բոլոր խնդիրները, որոնք կապված են հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ»,-հայտարարել է Մայա Փանջիկիձեն:
Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլին հրապարակայնորեն ցանկություն էր հայտնել հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի հետ: Հունիսի 4-ին, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն, իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին կոչ էր արել Վրաստան այցելության ժամանակ հանդիպել ընդդիմադիր կոալիցիայի` «Վրացական երազանքի» առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ:
Վրացական «Ասավալ դասավալի» պարբերականին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Քլինթոնն անպայման պետք է հանդիպի Իվանիշվիլիի հետ, քանի որ մայիսի 27-ին զանգվածային ակցիա անցկացնելով, Իվանիշվիլին ստացել է ողջ Թբիլիսիի աջակցությունը եւ դա առանցքային պահ է առաջիկա նախագահական ընտրությունների համար, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ Քլինթոնը Հարավային Կովկաս իր այցելության ժամանակ հունիսի 5-ին կայցելի Բաթումի, որտեղ հանդիպումներ կունենա Միխայիլ Սահակաշվիլիի եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ: Այնտեղ տեղի կունենա Վրաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության հանձնաժողովի նիստը:
Ավելի վաղ Իվանիշվիլին հայտնել էր, որ կփորձի հանդիպել Քլինթոնի հետ` վերջինիս Վրաստան այցի ժամանակ:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























