Հունիսի 5-ը ՄԱԿ-ի կողմից հռչակված է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր: Տոնը հաստատվել է Ստոկհոլմում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանում 1972-ին: Այդ օրն իր աշխատանքներն սկսեց շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող Ստոկհոլմի հանձնաժողովը:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն իր որոշման մեջ կոչ է անում պետություններին եւ ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարվա այս օրն անցկացնել միջոցառումներ`ուղղված շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

ՀՀ բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ տոնի կապակցությամբ նախարարությունում ոսկե մեդալներ են հանձնվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանական ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանին, շրջակա միջավայրի պաշտպանության կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանին, եւ բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» հ/կ-ի տնօրենի պաշտոնակատար Խաչատուր Ղարագյոզյանին:

Տեղի է ունեցել նաեւ բնապահպան Կարինե Դանիելյանի «Սեւանա լճի իրավիճակի համալիր գնահատում» գրքի շնորհանդեսը:

Ամփոփվել են նաեւ երեխաների շրջանում անցկացված կավճանկարի մրցույթի արդյունքները: «Բնությունը երեխաների աչքերով» մրցույքին մասնակցել են 20 երեխաներ, որոնցից երեքը ստացել են բնապահպանության նախարարի պատվոգիր, մյուսները` նվերներ: