Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 6-ին, հանդիպում է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակ Տակահիրո Յոկոմիչիի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ՝ գոհունակությամբ արձանագրելով, որ անցած 20 տարիների ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները զարգացում են ապրել: Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակը հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական հարաբերությունների առավել զարգացման, համագործակցության խորացման եւ միջխորհրդարանական կապերի ամրապնդման համար:

Տակահիրո Յոկոմիչին շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին՝ Ճապոնիա այցելության առաջին օրը աղետից տուժած բնակավայր մեկնելու, տուժածների հետ հանդիպման եւ կարեկցանքի ու զորակցության խոսքերի համար: Նա նշել է, որ Ճապոնիան չի մոռացել 2011թ. աղետից անմիջապես հետո Հայաստանի ցուցաբերած աջակցությունը եւ երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին, ով նույնպես նման մեծ արհավիրք է վերապրել:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է զարգացնելու Ճապոնիայի հետ հարաբերությունները եւ շնորհակալություն է հայտնել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերված զգալի տեխնիկական եւ այլ աջակցության համար՝ ուղղված մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակը կարեւորել են նաեւ միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի եւ Ճապոնիայի համագործակցությունը:

Նրանք համոզվածություն են հայտնել, որ ՀՀ նորընտիր խորհրդարանում առաջիկայում Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ձեւավորումից հետո միջխորհրդարանական կապերը երկու երկրների միջեւ ավելի կամրապնդվեն:

Հանդիպման ավարտին Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել Խորհրդարանում, այցելել նիստերի դահլիճ:

Տոկիոյում Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաեւ «Տոշիբա» գիտությունների թանգարան, որտեղ Սերժ Սարգսյանին ներկայացրել են ավելի քան 130 տարվա պատմություն ունեցող հանրահայտ «Տոշիբա» ընկերության անցած ուղին, գործունեությունը, ամբողջ արտադրատեսականին, ցուցադրել ընկերության հեռանկարային եւ առաջադեմ տեխնոլոգիաները:  

Հայաստանի նախագահի Ճապոնիա պաշտոնական այցի շրջանակներում այսօր նախատեսված է նաեւ հանդիպում Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ: