Հրազդան քաղաքում նշագեղձերի հեռացման վիրահատությունից հետո 5-ամյա Միլենա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործը հունիսի 1-ին կարճվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Փաստորեն, նշագեղձերի վիրահատությունից հետո երեխայի մահվան դեպքում բժշկական սխալ չի եղել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հրազդանի 5-ամյա բնակչուհի Միլենա Մարտիրոսյանը վիրահատվել է հունվարի 26-ին եւ հենց հաջորդ օրը դուրս գրվել հիվանդանոցից: Հունվարի 28-ին երեխան իրեն վատ է զգացել եւ անմիջապես տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել աղջնակի կյանքը:
Երեխայի մահվան կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Հայաստանի ՔՕ 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (բժշկական պարտականությունները չկատարելը կամ ոչ որակյալ կատարելը):
Կատարվել էր փորձաքննություն, որի արդյունքները չեն բավարարել հետաքննությանը: Այս կապակցությամբ նշանակվել էր եւս մեկ փորձաքննություն, այս անգամ` համակողմանի:


























