«Մարիաննա» կաթնամթերքի գործարանում, հունիսի 7-ին, ժամը 08.35-ի սահմաններում տեղի ունեցած պայթյունից տուժած 55-ամյա Է. Ղազարյանը շարունակում է գտնվել խիստ ծանր վիճակում, նրա կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արթուր Հովհաննիսյանը: Նա նշեց, որ է. Ղազարյանը դեռ գիտակցության չի եկել, կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառություն, քանի որ սեփական շնչառությունը շատ թույլ է: Արթուր Հովհաննիսյանի խոսքով`  ոչ բավարար դրական դինամիկայի են հասել, մասնավորապես` զգացողական ոլորտը լավանում է:

Հարցին, թե այդ վիճակից դուրս գալուց հետո «Մարիաննայի» աշխատակիցը կարո՞ղ է համարվել լիարժեք առողջ մարդ, բժիշկը պատասխանեց, որ նա հնարավոր է երկար ժամանակ մնա «դեֆիցիտային վիճակում», օրինակ` ունենա մասնակի գիտակցություն, խոսքը կարող է երկար ժամանակ չհասկանալ: «Սա պայթյունի հետեւանքն է, որի պատճառով սալջարդի արդյունքում ամենաշատը վնասվել է ձախ կիսագունդը»,- ասաց բժիշկը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 7-ին. ժամը 08.35-ին տեղեկություն է ստացվել, որ «Հաղթանակ» թաղամասում` «Մարիաննա» կաթնամթերքի գործարանում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ  օպերատիվ  խումբը: Պայթյունի հետեւանքով տուժած 55-ամյա Է. Ղազարյանը տեղափոխվել էր «Մալաթիա» բժշկական կենտրոն: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 157-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը): Ըստ այդ հոդվածի`  տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը` դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ մասնագիտական հիվանդություն`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Պայթյունի պատճառները պարզելու համար ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից իրականացվել է տեխնիկական քննություն, որոնց արդյունքներն արդեն ամփոփվել են եւ ուղարկվել Ոստիկանություն: «Գազն անջատվել է, գազի ճնշումը հավաքվել, կուտակվել է, երկրորդ անգամ այրում է  կատարվել, որի հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն, այսինքն` երբ կաթսան հանգել է, երկրորդ անգամ գազն սկսել է կուտակվել, վինտիլիացիոն համակարգը պետք է քաշեր գազը եւ չմիանար, բայց ինքը երկրորդ անգամ միացել է»,- նշել էր Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի ծառայության պետ Վոլոդյա Հովսեփյանը: