Սիրիան գտնվում է պատերազմական վիճակում: Նման հայտարարություն է արել երկրի նախագահ Բաշար Ասադը կառավարության նիստում:  «Այժմ մենք գտնվում ենք պատերազմական վիճակում, եւ  հիմա բոլոր որոշումները եւ ջանքերը պետք է ուղղված լինեն նրա հաղթանակին: Մենք խաղաղություն ենք ուզում, սակայն չենք պատրաստվում մոռանալ մեր շահերի մասին», - ասել է նա:

Նախօրեին պետության  ղեկավարն ընդունել էր նոր կառավարության երդումը:

Արաբական հանրապետության հարաբերությունները նախկին համախոհ եւ հարեւան Թուրքիայի հետ օրեցօր ավելի են վատանում: Թուրք  վարչապետը հայտարարել էր, որ սիրիական ցանկացած օդանավ, որը կխախտի սահմանը,  այժմ համարվում է թշնամական օբյեկտ եւ կխփվի, հայտնում է  «vesti.ru»-ն:

Մինչդեռ, ամերիկյան հետախույզները պնդում են, որ Սիրիայում Ասադի կողմնակիցների դիրքորոշումը մնում է հաստատուն: Չնայած դասալքության դեպքերին` բանակը նախկինի պես հավատարիմ է իշխանություններին, իսկ սիրիական ընդդիմությունը քայքայված է եւ չի կարող համախմբվել: