Տավուշի մարզի Նավուր գյուղում այսօր` հունիսի 27-ին, ժամը 12:30-ի սահմաններում  նռնակի պայթյունից վիրավորված 53-ամյա Բորիս Պետրոսյանը տեղափոխվել է Բերդի հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հայտնեց NEWS.am-ի  Տավուշի թղթակիցը:

Նրա հետ զրույցում Բերդի բժշկական կենտրոնի Վիրաբուժական բաժանմունքի վարիչ Համլետ Պետրոսյանը նշեց, որ 53-ամյա Բորիս Պետրոսյանը իրենց մոտ տեղափոխված ժամանակ ունեցել է գիտակցություն, սակայն անմիջապես գիտակցությունը կորցրել է եւ ընկել է կոմայի մեջ: Բժիշկը նշեց, որ տուժողը ունի հրազենային վերքեր: Այժմ հիվանդը տեղափոխվել է հիվանդասենյակ, քանի որ Բերդի բժշկական կենտրոնը չունի վերակենդանացման բաժանմունք:

Ավելի  վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Նավուր գյուղում, այսօր` հունիսի 27-ին, ժամը 12:30-ի սահմաններում, սարսափելի դեպք է գրանցվել: Ամուսիններ  Վալենտին Սարգսյանը եւ Լիոնետա Պետրոսյանը վիճել են, ինչի արդյունքում կինը գնացել է հայրական տուն: Զայրացած ամուսինը հարցերը որոշել է լուծել նռնակի օգնությամբ եւ այն նետել է աներոջ տան մեջ:

Տավուշի մարզի ոստիկանությունից հաստատեցին  պայթյունի մասին տեղեկությունը, հավելելով, որ ոստիկանության աշխատակիցները ներկայումս գտնվում են գյուղում: