Տիեզերքը ստեղծվել է 13,7 միլիարդ տարի առաջ` առանց որեւէ «Աստծո ձեռքի»: Այդ մասին SETI-ի («Այլմոլորակային բանականության որոնման ինստիտուտ») գիտաժողովի ժամանակ հայտարարել է Քալիֆորնիայի համալսարանի աստղաֆիզիկոս Ալեքսեյ Ֆիլիպենկոն` ընդգծելով, որ Մեծ պայթյունը կարող էր տեղի ունենալ բացառապես ֆիզիկայի օրենքների հիման վրա:

Ինչպես հաղորդում է AstroNews.ru-ն, գիտնականի փաստարկների հետ համաձայնել են նաեւ նրա գործընկերները: SETI նախագծի ավագ աստղագետ Սեթ Շոստակը բացատրել է, որ քվանտային մեխանիկայի աշխարհում, որը դիտարկում է ֆիզիկական երեւույթները տարրական մասնիկների մակարդակով, մեխանիկական տատանումները կարող են ոչնչից նյութ եւ էներգիա ստեղծել: Քվանտային մեխանիկայում տատանումները կարող են ծնել տարածություն: «Եթե սենյակում գտնվելով, կարողանաք անհրաժեշտ կերպով ստեղծել տարածություն եւ ժամանակ, կստանաք նոր տիեզերք: Փաստ չէ, որ այնտեղ կտեղափոխվեք, սակայն կարող եք այն ստեղծել», - աստղաֆիզիկոսի խոսքերն է մեջբերում NEWSru.com-ը:

Նշենք, որ նույն կարծիքի է նաեւ մեր ժամանակի ամենահայտնի գիտնականներից մեկը` ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը: «Մեծ մտահղացում» գրքում նա նշում է, որ ժամանակակից ֆիզիկան Աստծու համար տեղ չի թողնում տիեզերքի կառուցվածքում: