Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանում հայրը ընդհանուր բիզնեսը կիսելուց հետո պատվիրել է սեփական որդու սպանությունը: Իր ժառանգի կյանքի գինը գործարարը 800 հազար ռուբլի է գնահատել:
Քննչական հանձնաժողովի տվյալներով` որդեսպանության պատճառ է դարձել ընտանեկան բիզնեսը, որը 65-ամյա Էվրիկ Աշիգովը որդու հետ միասին էին վարում, իսկ հետո որոշել էին կիսել: Դրանից հետո որդու գործերն ավելի լավ են ընթացել, հայրն էլ մտածել է, որ դա անարդար է: Նա Իսահակից 2 մլն ռուբլի է պահանջել եւ, մերժում ստանալով, որոշել ազատվել իր երեխայից:
Իր ընկեր Յաշա Հարությունովի միջոցով տարեց գործարար, «ՏԵՄՊ-ԼԱԴԱ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը երկու կատարողների է վարձել` Բելոգլազովին եւ Ստեփանովին:
Ինչպես հաղորդել է ՔՀ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, սպանությունը ծրագրված էր կատարել հունիսի 27-ին, բայց վերջին պահին, վախենալով, որ սպանությունից հետո կարող են իր հետ հաշվեհարդար տեսնել, Ստեփանովը դիմել է իրավապահ մարմիններ:
Աշիգով ավագի, Հարությունովի Լիպեցկի շրջանի բնակիչ Վալերի Բելոգլազովի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», մարդասպանի ավտոմեքենայում ոստիկանները հայտնաբերել են «Մակարով» ատրճանակ եւ բենզին, որով հանցագործները մտադիր էին այրել Իսահակ Աշիգովի մեքենան:




























