Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը քննարկել են վերջերս մի շարք մտավորականների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ՀՀ նախագահին ուղղված նամակը, որով իրենց մտահոգությունն են հայտնում հեռուստատեսության ագրեսիվ, քրեածին եւ հակասոցիալական բովանդակության վերաբերյալ:

Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահը, կարեւորելով բարձրացված խնդիրները, դիմել է Հանրային խորհրդին` իր հովանու տակ առնել հարցը` Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի, հեռուստաընկերությունների ղեկավարների, խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունների եւ մտավորականների հետ համատեղ կազմակերպելով քննարկումներ եւ մշակել ինչպես Հանրային, այնպես էլ մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությունը փոխելու ծրագրեր:

Վազգեն Մանուկյանը նշել է, որ հարցը բազմիցս է բարձրացվել Հանրային խորհրդի կողմից եւ գտնվում է Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում:

Նա պարտավորվել է մինչեւ սեպտեմբերի վերջ ոլորտը բարեփոխելու հստակ մեխանիզմներ առաջարկել` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ իրականացված հանրային քննարկումների հիման վրա: