Եվրոպայի խորհրդի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովը հունիսի 26-ին բանաձեւ է ընդունել Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին:
Բանաձեւն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում լուծել ավելի քան 80 քաղբանտարկյալների ճակատագիրը, ինչպես նաեւ բացառել հետագայում քաղաքական դրդապատճառներով կալանավորումները:
Միջազգային իրավական Articlr 19 կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ շատ կարեւոր է համարել ԵԽ բանաձեւը, որում արձանագրվում է Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունը, ինչը այդ երկրի իշխանությունները ժխտում են:
Կազմակերպության ղեկավար Անյես Կալամարը հայտարարել է. «Քաղաքական մեղադրանքներով բանտարկությունների պրակտիկան չի կարող շարունակվել եւ մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում կատարել այդ բանաձեւը որպես ԵԽ անդամ երկիր»:
Ընդունված բանաձեւը հիմնված է քաղբանտարկյալների հարցով համազեկուցող Քրիստոֆ Շտրասսերի զեկույցի հիման վրա, ում 2009-ից ի վեր չեն թողել մուտք գործի Ադրբեջանի տարածք:
«Համագործակցության նման մերժումը աննախադեպ է ԵԽ-ի համար»,-ասված է հայտարարությունում:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում, Ադրբեջանը պարտավոր է հարգել ու պաշտպանել խոսքի ազատ արտահայտման իրավունքը: Այդուհանդերձ, Բաքուն հաճախ է խախտում այդ իրավունքը: Լրագրողներ, բլոգերներ, ակտիվիստներ եւ սովորական քաղաքացիներ Ադրբեջանում ենթարկվում են հետապնդումների եւ ազատազրկման` իշխանություններին քննադատելու համար:
Ներկայումս 7 լրագրողներ եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստներ գտնվում են բանտերում` քաղաքական դրդապատճառներով:




























